Լրահոս
Օրվա լրահոսը

Ուրիշների փոխարեն քվեարկած անձը խոստացավ հաջորդ ընտրություններին «մաքուր ձեւով աշխատել»

Փետրվար 08,2016 14:44

06.12.2015թ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ժամանակ 8/20 ընտրատեղամասում այլ անձանց փոխարեն քվեարկություն կատարած 8/20 տեղամասի հանձնաժողովի անդամ Վարդանուշ Աթեյանն այսօր դատական նիստից հետո ասաց, որ հաջորդ ընտրություններին կաշխատի նորմալ ու «մաքուր ձեւով»:

Հիշեցնենք, որ Վարդանուշ Աթեյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 153 հոդվածով: Օգանովի 80 շ 30 բնակարանում հաշվառված անձանց տվյալների դիմաց գրառում կատարելու եւ նշված անձանց փոխարեն քվեարկելու համար:

«Գիտեի՝ այդ բնակարանի դուռը փակ է, մտածեցի՝ ինչի պետք է մնա ազատ, գրանցեմ, ստորագրեմ, ես մեղքը վերցնում եմ՝ գրել ու ստորագրել եմ»,- այսօր Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում դատական նիստից հետո ասաց Վարդանուշը:

Հիշեցնենք, որ նա միջնորդեց դատարանին արագացված դատաքննության կարգով անցկացնել քննությունը: Իսկ դատարանը նիստը հետաձգեց, որ կողմերը հասցնեն պատրաստվել իրենց ճառերին: Հաջորդ դատական նիստը նշանակվեց փետրվարի տասնհինգին:

Մեր հարցին, թե ինչու քվեարկեցիք ուրիշի փոխարեն, Վարդանուշ Աթեյանը պատասխանեց. «Քվեարկությունն անցկացնելու համար եմ ստորագրել»:

Մեր հարցին հրահա՞նգ էիք ստացել ձայներ ապահովելու, ասաց՝ ոչ:

Մեր հարցին՝ ինչու քվեարկեցիք ուրիշի փոխարեն, ասաց. «Հանուն իմ սկզբունքների: Ասացի՝ մեկ է, այստեղ չեն ապրում: Ոչ մեկն ուղղություն ինձ չի տվել: Այդ պահին մի քիչ էլ խառնաշփոթի մեջ էի, երեւի չհասկացա, գրեցի, ստորագրեցի»:

Տիկին Աթեյանն առաջին անգամ էր ընտրություններին մասնակցում՝ որպես հանձնաժողովական, իսկ հաջորդ տարի, նրա խոսքով, երեւի չի մասնակցի կամ էլ կմասնակցի ու կաշխատի «նորմալ, մաքուր ձեւով»: Նրանից հետաքրքրվեցինք՝ ուրիշի քվեն կեղծելիս պատասխանատվության մասին չէ՞ր մտածում, ասաց. «Այդքանը մտածեի, չէի անի նման բան»:

IMG_1231[1]

Իսկ իշխող կուսակցությունից նկատողություն չստացա՞ք քվեները կեղծելու համար,տիկին Աթեյանի պաշտպան՝ փաստաբան Ժաննա Կետոյանը պատասխանեց. «Իր կատարած արարքի համար հերթը հասավ նրան, որ նստեց ամբաստանյալի աթոռին: Իրեն դուր է եկել սահմանադրական փոփոխությունները, զրուցել է կոլեգաների ու քաղաքացիների հետ, իրեն բացատրել են, որ շատ լավ տարբերակ է «այո»-ի տարբերակը ու եթե այն անցնի, երկրում շատ բան կփոխվի: Իմ պաշտպանյալն էլ իր սկզբունքներից ելնելով՝ որոշել է իր աջակցությունը դրսեւորել ինչ-որ ձեւով «այո»-ի բարեփոխումները անցկացնելու համար»:
Մեր հարցին՝ իսկ նյութական խոստումներ ստացե՞լ է, տիկին Կետոյանն ասաց՝ ոչ. «Եթե լիներ ինձ կասեր»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29