Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Երեք հոգու փոխարեն քվեարկելու համար`500 հազար դրամ տուգանք

Փետրվար 08,2016 14:25

Երևան քաղաքի Նոր Նորքի 9-րդ զանգվածի թիվ 119 նախնական ուսումնական հաստատությունում տեղակայված 2/32 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամ Նարինե Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել` 2015 թվականի դեկտեմբերի 6-ին կայացած ՀՀ սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ժամանակ երեք հոգու փոխարեն քվեարկելու համար:

«Հիշյալ տեղամասի ընտրողների թիվ 2-րդ մատյանում, Երևան քաղաքի Նոր Նորքի 9-րդ զանգ. 15 շենքի թիվ 114 բնակարանում հաշվառված Մարինե Կարապետի Փափազյանի, Հռիփսիմե Կարապետի Դեմիրճյանի և Թամարա Վանիկի Բարսեղյանի տվյալների դիմաց գիտակցաբար գրառել է մտացածին անձնագրային կեղծ տվյալներ, որոնց դիմաց ստորագրել և կնիքել է իրեն հատկացված «Ա-55056» կնիքի դրոշմով, ապա 3 քվեաթերթիկ գցել է քվեատուփը՝ այդ կերպ քվեարկելով այլ անձանց ՝Մ.Փափազյանի, Հ.Դեմիրճյանի և Թ.Բարսեղյանի փոխարեն»,- ասված է մեղադրանքում:

IMG_5860

Ըստ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան հոդվածի, նախատեսվում է վեց ամսից երեք տարի ազատազրկում կամ տուգանք` նվազագույն աշխատավարձի 200-600-ապատիկի չափով:

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ նիստն արագացված կարգով ընթացավ, քանի որ Նարինե Հովհաննիսյանն ընդունեց առաջադրված մեղադրանքը:

Նկատի ունենալով հարեւանների կողմից ներկայացրած դրական բնութագիրն առ այն, որ մինչ օրս չի եղել մի դեպք, որ Նարինեն «հարեւանների մատից փուշ հանած չլինի», որ նա նախկինում դատապարտված չի եղել, նաեւ այն, որ Նարինե Հովհաննիսյանն ապրում է բազմանդամ`10 հոգանոց ընտանիքում եւ այլն, դատախազն առաջարկեց սահմանափակվել 600 հազար դրամ տուգանքով:

Պաշտպանն ու մեղադրյալը հորդորեցին ավելի մեղմ պատիժ սահմանել, քանի որ մեղադրյալը չի աշխատում:

Դատարանը որոշեց Նարինե Հովհաննիսյանին տուգանել 500 հազար դրամի չափով:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29