Լրահոս
Օրվա լրահոսը

Եգանյան. «Աշակերտների՝ Աշոտյանին ուղղված բոլոր մեկնաբանությունները լատինատառ էին» (Տեսանյութ)

Փետրվար 08,2016 13:28

Փետրվարի 7-ը համացանցում հայատառ գրելու օրն է: Նախաձեռնության հեղինակը Կրթության եւ գիտության նախարարի մամուլի խոսնակ Զոհրապ Եգանյանն է: Նա «Peoplemeter» մամուլի ակումբում այսօր նախաձեռնության մեկնարկը «շատ տարերային» որակեց. «2012թ. փետրվարի 5-ին «Ֆեյսբուքում» գրառում կատարեցի` առաջարկելով փետրվարի 7-ը նշել որպես համացանցում հայատառ գրելու օր: Օգտատերերի եւ լրատվամիջոցների շնորհիվ առաջարկը մեծ արձագանք ստացավ եւ հաջորդ օրերին լրատվական հոսքերի թոփ-թեմաներից էր: Մինչ այդ պահը նման նախաձեռնության պահանջ կար եւ այսօր էլ առաջընթացը նկատելի է»:

Եգանյանը նշեց, որ նախորդ տարվանից բջջային օպերատորներից մեկը միացել է նախաձեռնությանը եւ բաժանորդներին կարճ հաղորդագրություններ է ուղարկում մեսրոպատառ հայերենով. «Մյուս օպերատորներին եւս կոչ եմ անում միանալ նախաձեռնությանը: Երեկ էլ տեսա, որ քաղաքապետարանը գովազդային վահանակի վրա փետրվարի 7-ը խորհրդանշող պաստառ էր տեղադրել, ինչի համար եւս շնորհակալ եմ:

Ի դեպ, երբ Արմեն Աշոտյանը արձակուրդների երկարաձգման մասին տեղեկացրեց, լրատվական կայքերը տեղադրեցին այդ գրառումը: Նյութերից մեկի տակ աշակերտները 120-ից ավելի հիացական գրառում էին կատարել, բոլորը՝ լատինատառ… միակ հայատառ մեկնաբանությունն իմն էր՝ այն էլ գրեցի՝ «աշակերտներ ջան, խնդրում եմ գրեք հայատառ»:

Ի դեպ, ինձ հայտնի լրատվական կայքերից միայն Aravot.am-ը եւ Hetq.am-ն են արգելում իրենց նյութերի տակ լատինատառ մեկնաբանություններ գրել»:

Բանախոսը նաեւ տեղեկացրեց, որ նման նախաձեռնություն կյանքի է կոչվել նաեւ Վրաստանում եւ Իսրայելում, բայց Հայաստանն այս առումով առաջինն է. «Բայց Վրաստանում եւ Իսրայելում ցանցաբնակներն ավելի շատ են գրում իրենց մայրենիով, քան մենք»:

Զոհրապ Եգանյանի խոսքով՝ նախքան նախաձեռնությունը պետական մակարդակով կամ օրենսդրական ճանապարհով ամրապնդելը, պետք է այլ խնդիր լուծել. «Սա այն հարցն է, որը պետք է լուծել մեր գիտակցության մեջ: Վստահ եմ, որ որոշակի ժամանակ հետո ավելի լավ արդյունքներ ենք ունենալու, քան այս պահին է: Աշխարհը գնալով ավելի վիրտուալ է դառնում: Պատկերացրեք մի իրավիճակ, երբ երեխաները սկսում են դպրոց հաճախել եւ սովորել մեսրոպատառ հայերենը, բայց սոցցանցերում տեսնում են իրենց ծնողների լատինատառ գրառումները: Պատկերացնո՞ւմ եք այդ երեխաների հոգեվիճակը»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29