Դեկտեմբերի 6-ին սահմանադրական հանրաքվեի օրը ուրիշի փոխարեն քվեարկելու գործն այսօր Ավան եւ Նորք-Մարաշ, ընդհանուր իրավասության դատարանում սկսվեց մեկ ժամ ուշացումով: Դատավոր Դավիթ Հարությունյանը հիմնավորեց այսպես. «Եղանակային պայմաններն են պատճառը, քանի որ դատավարության ոչ բոլոր մասնակիցներն էին եկել»:
Այս գործով, Կարինե Ստեփանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ժամանակ լինելով Երևան քաղաքի Ավան-Առինջ թաղ. թիվ 56 մանկապարտեզում տեղակայված 1/07 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամ, քվեարկել է այլ անձի փոխարեն. «Հիշյալ տեղամասի ընտրողների թիվ 1-րդ մատյանում, Երևան քաղաքի Ավան-Առինջ 2/13 շենքի թիվ 18 բնակարանում հաշվառված Մանե Վանյայի Թանդիլյանի տվյալների դիմաց գիտակցաբար գրառել է մտացածին անձնագրային կեղծ տվյալներ, որոնց դիմաց ստորագրել և կնիքել է իրեն հատկացված «Ա-55136» կնիքի դրոշմով, ապա 1 քվեաթերթիկ գցել է քվեատուփը՝ այդ կերպ քվեարկելով այլ անձի՝ Մանե Թանդիլյանի փոխարեն»:
Այս մեղադրանքը նախատեսում է վեց ամսից երեք տարի ազատազրկում կամ տուգանք` նվազագույն աշխատավարձի 200-600-ապատիկի չափով:
Կարդացեք նաև
Դատավարությունը կիրականացվի արագացված կարգով, քանի որ Կարինե Ստեփանյանն ամբողջությամբ եւ անվերապահորեն ընդունում է իրեն առաջադրված մեղադրանքը:
Ի դեպ, Մանե Թանդիլյանն այս գործով ճանաչվել է վկա, քանզի Կարինե Ստեփանյանի գործողությունների արդյունքում, համարվում է, որ տուժել է ոչ թե Մանե Թանդիլյանը, այլ Հայաստանի հանրապետությունը:
Նիստը հետաձգվեց`մինչեւ ուրբաթ օրը 9.30, հավելյալ`պատիժը մեղմացնող փաստաթղթեր ներկայացնելու համար:
Այն, որ Կարինե Ստեփանյանն ընդունեց առաջադրված մեղադրանքը, Մանե Թանդիլյանի համար անակնկալ էր: Aravot.am-ի հետ զրույցում Մանե Թանդիլյանն ասաց, որ Կարինե Ստեփանյանին ինքը ճանաչում է իբրեւ մանկապարտեզի տնօրեն, ի դեպ, իր երեխաներն էլ են հաճախել այն մանկապարտեզը, որի տնօրենն է Կարինե Ստեփանյանը: «Տարբեր ընտրությունների ժամանակ ինքը կամ հանձնաժողովի անդամ է եղել, կամ նախագահ: Այս երեւույթն ինձ համար անակնկալ էր, եւ ես շատ հույս ունեմ, որ մեղադրանքի ընդունումնն ինքնին նշանակում է, որ այդ արարքը իմաստավորվել է: Հույս ունեմ նաեւ, որ նման բան ոչ միայն երկրորդ անգամ չի կատարվի, այլ դաս կլինի ընդհանրապես բոլոր կրթական օջախների աշխատակիցների համար, որոնք ներառված են ընտրական հանձնաժողովների կազմում եւ նրանք այլեւս արժանապատվորեն կկատարեն իրենց աշխատանքը»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Էդ շատ լավ է, որ մեղքն ընդունել է՝ դաս կլինի մնացածներին… Բայց խնդրում եմ ուղղել «թիվ 1-րդ մատյանում» բառակապակցությունը, տարբերակներ՝ «թիվ 1 մատյան» կամ «1-ին մատյան»: Շնորհակալություն
Հարգելի Նվեր Գասպարյան: Արված մեջբերումը մեղադրական եզրակացությունից է, որը կա նաեւ «Դատալեքս» տեղեկատվական համակարգում:
Հայերեն չէ… Ինչևէ