Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի օրեր Շվեդիայի Թագավորական զինապալատում

Փետրվար 08,2016 11:45

Շվեդիայի հնագույն թանգարանում՝ Թագավորական զինապալատում անցկացվում են Հայաստանի օրեր, որոնք կազմակերպվել են թանգարանի և Շվեդիայում ՀՀ դեսպանության համատեղ ջանքերով։

Փետրվարի 4-ին Ստոկհոլմի թագավորանիստ պալատում տեղակայված թանգարանում տեղի ունեցավ «Հայ-շվեդական պատմական առնչությունները» խորագրով դասախոսություն, որին ներկա էին Շվեդիայի թագավորական արքունիքի անդամներ, խորհրդարանի պատգամավորներ, Ստոկհոլմում հավատարմագրված դեսպաններ, մշակութային հաստատությունների ղեկավարներ, մտավորականներ և մամուլի ներկայացուցիչներ, հայ համայնքի անդամներ։

Դասախոսության ընթացքում ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող, հայ-շվեդական հարաբերությունների վերաբերյալ մենագրությունների և հոդվածների հեղինակ Արծվի Բախչինյանը ներկայացրեց վաղ միջնադարից մինչ 20-րդ դարի սկիզբը հայերի և շվեդների միջև եղած պատմամշակութային փոխհարաբերությունները, տնտեսական և մշակութային առնչությունները, Շվեդիայի հասարակական-քաղաքական կյանքում ազդեցություն ունեցած հայազգի ազնվականների, դիվանագետների և արքունի պալատականների դերը։ Արծվի Բախչինյանը նաև պատասխանեց ներկաների բազմաթիվ հարցերի:

Հայաստանի օրերի շրջանակում կազմակերպված կենտրոնական միջոցառումն է «Մետաքսի առևտրի հետքերով. հայ վաճառականները Կարլ 11-րդի արքունիքում» խորագրով ցուցադրությունը։ Այն նվիրված է 1687թ. Նոր Ջուղայի հայ վաճառականների կողմից Շվեդիա առաջին անգամ մետաքս ներկրելու պատմությանը։ Շվեդ միապետի հատուկ դեսպան Լյուդվիգ Ֆաբրիցիուսի ուղեկցությամբ նրանք այցելել են Ստոկհոլմ՝ «Մետաքսե ճանապարհի» հյուսիսային հատվածի շուրջ բանակցություններ վարելու նպատակով, ինչն ավարտվել է Կարլ 11-րդի հետ առևտրական պայմանագրի ստորագրմամբ։ Դրանով հայ վաճառականներն իրավունք են ստացել արտոնյալ պայմաններով իրենց ապրանքները Ռուսաստանի ճանապարհով ներկրել Շվեդիա և այնուհետ՝ եվրոպական այլ երկրներ։

Ցուցահանդեսի շրջանակներում ներկայացված է պայմանագրի բնօրինակը, վաճառականների կողմից շվեդ միապետին նվիրաբերված յոթ ոսկեպատ թրերից մեկը, հայ վաճառականների արարողակարգային գավազանը և այլ եզակի ցուցանմուշներ։ Ցուցահանդեսը ներկայացված է լինելու ամբողջ 2016թ. ընթացքում։

 

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29