Իրանի նկատմամբ Արեւմուտքի պատժամիջոցների չեղարկումից հետո Հայաստանի բազմաթիվ պաշտոնյաներ եւ քաղաքագետներ սկսեցին խոսել հայ-իրանական հարաբերությունների հնարավոր զարգացման, նոր ոլորտներում փոխգործակցություն սկսելու, առեւտրի եւ այլ նոր հնարավորությունների մասին:
«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի կարծիքով՝ Հայաստանը ինքնուրույն արտաքին, տնտեսական քաղաքականություն չի կարող վարել: «Դա պետք է անի ոչ թե Երեւանը Թեհրանի հետ, այլ Մոսկվան Թեհրանի հետ: Մոսկվան Եվրասիական տնտեսական հարաբերությունների շրջանակներում կբանակցի Իրանի հետ, եւ մենք այլեւս չենք կարողանա առանձին բանակցություններ վարել տարբեր հարցերի շուրջ»:
«Առավոտի» հետ զրույցում Դանիել Իոաննիսյանը նշեց, որ, բարեբախտաբար, այս պահին Մոսկվայի եւ Իրանի հարաբերությունները դրական են. «Այնուամենայնիվ, Իրանը հիմա շատ արագ զարգացնում է Եվրոպայի հետ հարաբերությունները: Մենք տեսանք՝ 100-ից ավելի օդանավեր գնեցին Airbus-ից: Առհասարակ տնտեսական համագործակցության ոլորտները շատ են՝ սկսած Մեղրիի ՀԷԿ-ից, վերջացրած Մեղրիում նավթավերամշակման գործարանի կառուցման հնարավորությունը»:
Ըստ նրա՝ այդ հնարավորությունների մի մասի համար արդեն ուշ է. «Գործարանն արդիական էր տարիներ առաջ, երբ կար բենզինի եւ դիզելային վառելիքի դեֆիցիտ: Որեւիցե մեկը չէր ցանկանում Իրանում ներդրումներ կատարել, քանի որ վտանգ կար, որ այսօր գործարանը կառուցես, ՆԱՏՕ-ն հաջորդ օրը կռմբակոծի այն: Հիմա չկա այդ վտանգը: Իրանական կողմում այժմ լավ պայմաններ են, քան այստեղ»:
Դանիել Իոաննիսյանը նշեց, որ Հայաստանը պետք է օգտագործի իրանական էժան գազի լծակը՝ Ռուսաստանից մատակարարվող գազի գինը նվազեցնելու համար. «Գազի արդյունավետ գին կարողանում են ստանալ նաեւ այն երկրները, որոնք այլընտրանք չունեն եւ ստիպված են գազը գնել Ռուսաստանից: Մենք ունենք այլընտրանք եւ դա պետք է ռուսներին հիշեցնենք, երբ բանակցում ենք գազի գնի հետ կապված»:
Կարդացեք նաև
Գազի հետ կապված Վրաստանում են հետաքրքիր զարգացումներ տեղի ունենում. «Տեղեկատվություն տարածվեց, որ այնտեղ մոտ 5 տրիլիոն խորանարդ մետր բնական գազ է հայտնաբերվել, որը շուտով սկսելու են արտահանել: Եթե այդ տեղեկատվությունը հաստատվի, մենք եւս մեկ այլընտրանք կունենանք գազ ներկրելու համար»:
Ըստ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգողի՝ բավականին հետաքրքիր է գազ էլեկտրաէներգիայի դիմաց պայմանագիրը, որով մեծ քանակությամբ գազ է ներմուծվում եւ բավականին շահավետ պայմաններով էլեկտրաէներգիա է արտադրվում Երեւանի ՋԷԿ-երում: «Եթե դրա չափերը մեծանային, մենք կկարողանայինք ավելի էժան էլեկտրաէներգիա ունենալ: Հայաստանի կառավարությունն Իրանի հետ կառուցվելիք բարձրավոլտ էլեկտրալարերով հոսանք արտահանելու արտոնությունը տվեց «Գազպրոմ-Արմենիային»: Հետեւաբար Երեւանի ՋԷԿ-ով այդ բարտերը մեծացնելու եւ էլեկտրաէներգիայի գինը փոքրացնելու հնարավորությունը փակվեց»:
ԱՇՈՏ ԻՍՐԱԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
06.02.2016