Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Եվրոպական միությունը մնում է ՀՀ-ի համար արտաքին առեւտրի առաջին գործընկերը

Փետրվար 08,2016 14:30

«Դեռեւս ՀՀ-ի տնտեսական շահը Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) միանալու տեսանկյունից հստակ գնահատված չէ, եւ շատ վերլուծաբաններ ու ՀՀ քաղաքացիներ ակնկալում են բացահայտ տեսանելի դրական արդյունքներ»,- նշում է Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ, տնտեսագետ Գագիկ Մակարյանը, որը Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի նախաձեռնությամբ պատրաստել է «ՀՀ տնտեսություն 2015. ԵՏՄ եւ այլ գործոնների ազդեցությունը եւ միտումները 2016-ի համար» զեկույցը:

Ըստ նրա՝ այդ հարցադրման համար նախապես կարեւոր է գնահատել, թե Մաքսային միության անդամ հանդիսացող երկրների հետ 2013թ. սեպտեմբերի վիճակով ՀՀ-ն ինչպիսի տնտեսական համագործակցության մեջ էր գտնվում, եւ վերջինիս հետ արտաքին առեւտրի ինչպիսի ցուցանիշներ էին գրանցված այդ ժամանակաշրջանի համար:
«Նշենք, որ ինչպես 2013թ.՝ նախորդ, այնպես էլ մինչ օրս Եվրոպական միությունը (ԵՄ) մնում է ՀՀ-ի համար արտաքին առեւտրի առաջին գործընկերը (27%), իսկ Ռուսաստանի Դաշնությունը (ՌԴ)՝ երկրորդ (մոտ 24%):

Քանի որ ՀՀ-ի արտաքին առեւտրում Բելառուսը եւ Ղազախստանն էական դերակատարություն չունեն (ՀՀ արտաքին առեւտուրը Բելառուսի հետ կազմում է 0.8%, իսկ Ղազախստանի հետ՝ 0.2%), հետեւաբար Եվրասիական տնտեսական միության շրջանակում որոշիչ նշանակություն ունի եւ առաջիկա տարիներին դեռեւս կունենա ՌԴ-ն: Այսինքն՝ ՀՀ տնտեսությունը եւ սոցիալական վիճակը որոշակիորեն պայմանավորված կլինեն ՌԴ-ի տնտեսական վիճակով, հատկապես` ՀՀ-ից դեպի Ռուսաստան արտահանման ծավալների համար, ինչպես նաեւ աշխատանքային միգրանտների համար ժամանակավոր աշխատանքի կամ նրանցից իրենց ընտանիքներին փոխանցվող մասնավոր տրանսֆերտների (ֆինանսական միջոցների) տեսանկյունից:

ՀՀ տնտեսական ցուցանիշները 2015թ. դեռեւս ամբողջությամբ ամփոփված չեն, սակայն առկա տվյալները թույլ են տալիս կատարել որոշակի դատողություններ եւ ամփոփիչ եզրակացություններ»,- փաստում է Գագիկ Մակարյանը: Ուսումնասիրելով Հայաստանի տնտեսության վիճակը՝ Գագիկ Մակարյանը վկայակոչելով 2015թ. տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ), որը հունվար-նոյեմբեր ամիսների հատվածում կազմել է 102.9%, նշում է, որ ՏԱՑ-ի աճին նպաստել են ՀՀ-ի բոլոր հիմնական ոլորտները՝ բացառությամբ շինարարության եւ առեւտրի շրջանառության ցուցանիշների, որոնք նվազել են՝ համապատասխանաբար 3.1% եւ 7.1%-ով: Բնականաբար, ճիշտ է եզրակացնել, որ առեւտրի ցուցանիշի նվազումը պայմանավորված է 4 հիմնական գործոններով՝ բնակչության թվաքանակի նվազումը միգրացիայի պատճառով, բնակչության գնողունակության անկումը՝ պայմանավորված արտաքին մասնավոր տրանսֆերտների ծավալի կրճատմամբ, որը 2015թ. հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ նվազել է 37.2%-ով: Ընդ որում, ՌԴ-ից ստացված տրանսֆերտների ծավալը նույն ժամանակահատվածում նվազել է 43.4%-ով: Բնակչության աղքատության դեռեւս բարձր մակարդակով, որը պաշտոնական տվյալներով՝ կազմում է 30%, իսկ որոշ վերլուծաբանների տվյալներով՝ այն համայնքային քաղաքներում գտնվում է մոտ 60% մակարդակի վրա եւ ՓՄՁ ու Միկրոձեռնարկությունների համար անհավասար մրցակցության պայմաններով, որի արդյունքում դադարում են գործել տնտեսության հիմնական ոլորտները:
Գագիկ Մակարյանը զեկույցում անդրադառնում է նաեւ մեր երկրի տնտեսության վրա ՌԴ տնտեսության վատթարացման հետեւանքներին:

«Հիմնական խնդիրները, որոնք նկատելի են արդեն 2014թ. սկսած, եւ որոնք ավելի ընդգծվեցին ԵՏՄ-ի շրջանակում 2015թ.-ի ընթացքում, հետեւյալն են՝ ՀՀ արտաքին առեւտրի ծավալների նվազումը ՌԴ-ի եւ ԵՏՄ անդամ երկրների հետ (Բելառուս եւ Ղազախստան): Արտաքին գործոնների եւ ՌԴ տնտեսական թուլացման արդյունքում Բելառուսում եւ Ղազախստանում նույնպես վատացել է տնտեսական վիճակը:
Հայաստանի աշխատանքային միգրանտների քանակի նվազման միտումը դեպի ՌԴ:
Աշխատանքային միգրանտների կողմից մասնավոր տրանսֆերտների նվազումը ՌԴ-ից դեպի ՀՀ. 2015թ. այն նվազել է շուրջ 43%-ով:

Սոցիալական ազդեցություն. ՌԴ-ի տնտեսական վիճակի վատացման արդյունքում կա վտանգ, որ գործազրկությունը կաճի, եւ աղքատների թվաքանակը կավելանա ՀՀ-ում»,- մեկնաբանում է պարոն Մակարյանը: Իսկ թե ինչ կտա Իրանի հետ համագործակցությունը մեր երկրին, ապա Գագիկ Մակարյանը կարծում է, որ Իրանը կարող է հավասարակշռություն ստեղծել տարածաշրջանում՝ հատկապես թուրք-ադրբեջանական առկա տանդեմի եւ Թուրքիա-ՌԴ կոնֆլիկտի տեսանկյունից:

Բացի այդ, Իրանում օտարերկրյա որոշակի ներդրումների եւ արդյունաբերական զարգացման ծրագրերի համար ՀՀ տարածքը կարող է դառնալ համապատասխան պլատֆորմ` կառավարման գրասենյակների հիմնադրման նախնական եւ հետագա համագործակցության քննարկումների եւ համաձայնագրերի համար. «Իրանի բնական հումքը եւ էներգակիրները կարող են օգտագործել ՀՀ տնտեսության տարբեր ոլորտների զարգացման համար կամ ՀՀ տարածքով արտահանվել այլ երկրներ, մասնավորապես՝ Վրաստան եւ ՌԴ: Իրանի հանդեպ սանկցիաների նվազումն այդ երկիրը կդարձնի առավել թափանցիկ, եւ կնվազեն Իրան ներմուծվող ապրանքների նկատմամբ բարձր տուրքերը, որոնք առավել հարմարավետ կդարձնեն այլ երկրներից, այդ թվում՝ ՀՀ-ից դեպի Իրան ապրանքների արտահանումը»:

Սեփ.լր.

«Առավոտ» օրաթերթ
06.02.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29