Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Իսկ դու խանդու՞մ ես

Փետրվար 08,2016 13:30

Մասնագետը խորհուրդ է տալիս ձերբազատվել քայքայիչ հույզերից

Ըստ Ֆրոյդի, խանդը նորմալ երեւույթ է, իհարկե եթե խոսքը չի գնում պաթոլոգիկ խանդի զգացման մասին: Կան մարդիկ, որոնք համարում են, որ եթե խանդի զգացում չկա, ապա չկա սեր: Խանդում են եւ տղամարդիկ, եւ կանայք : Ոմանց համար խանդը նույնիսկ հաճելի է, երբ տեղին է եւ չափավոր: Սակայն սարսափելի հետեւանքներ են սպասվում հիվանդագին խանդի դեպքում:

«Փսիլայֆ» հոգեբանական աջակցման կենտրոնի ղեկավար, հոգեբան Լիլիթ Խաչատրյանի հետ զրուցեցինք խանդը «կառավարելու» եւ դրանից ազատվելու միջոցների մասին: «Խանդը նեգատիվ զգացողություն է, որն առաջանում է այն ժամանակ, երբ անբավարար է հատկապես շատ սիրելի մարդու կողմից սերը, հարգանքը, ուշադրությունը եւ այլն: Խանդը կարծես պահանջ է տիրանալու մեկին, որի հետ գոյություն ունի հուզական կապ: Այն ծնվում է հատկապես այն ժամանակ, երբ սիրած մարդուն կորցնելու ուժեղ վախ է առաջանում: Խանդի արդյունքում կարող է առաջանալ զայրույթ, չարություն, վիրավորվածություն, եւ մարդը կարող է գործել ոչ գիտակցված:

Շատ մեկնաբանություններում սերը եւ խանդը միահյուսվում են: Այսինքն սիրո արտահայտման ձեւ է ընկալվում խանդը: Սա էլ կարող ենք գնահատել այն չափանիշներով, երբ բարելավվում են միմյանց միջեւ փոխհարաբերությունները եւ նպաստում են հարաբերությունների վերակառուցմանը»,-ասում է հոգեբանը:
Նա խանդի մեջ առանձնացրեց անձնային որոշ բաղատրատարրեր՝ ցածր ինքնագնահատականը, թերարժեքության զգացողությունը: Ամեն դեպքում, խանդոտ մարդը վտանգավոր է նրանով, որ երբեմն կորցնում է վստահությունը եւ փչացնում հարաբերությունները: Հոգեբանի ձեւակերպմամբ, անձի զարգացման եւ ինքնակայացման համար առավել վտանգավոր է կպչուն կամ հիվանդագին խանդը. «Օրինակ զուգընկերներից մեկի մոտ առկա է լինում իշխանության զգացողություն մյուսի նկատմամբ եւ բարձր ինքնագնահատական: Նման իրավիճակում, երբ զուգընկերը ակտիվորեն փորձում է ապացուցել, որ ինքը մեղավոր չէ, խանդոտը հանգում է այն եզրակացությանը, որ «գողի գլխին գլխարկը վառվում է», իսկ երբ լռում է, խանդոտը գնահատում է, որ «գող շունը գիտի, թե ինքն ինչ է արել»: Սեփականության զգացողությունը այնքան ուժեղ է լինում, որ անիմաստ է դառնում դիմացինին՝ ինչ որ բան ապացուցելը: Խանդի մասին միտքը նույնիսկ օգտագործում է որպես մանիպուլյացիայի միջոց, որպեսզի զուգընկերոջ մոտ առաջացնի մեղքի զգացողություն»:

Լիլիթ Խաչատրյանը համոզված է, որ միայն խորը վերլուծության արդյունքում է անձը հասկանում նման խնդրի արմատները: Նա հավաստիացնում է, որ որպես կանոն, նման տեսակի խանդոտները հոգեբանական օգնության համար մասնագետի չեն դիմում, դա ավելի շատ անհանգստացնող խնդիր է դառնում զուգընկերոջ համար:
Ըստ մեր զրուցակցի, խանդի մի տեսակ էլ կա, երբ անձը վախենում է կորցնել զուգընկերոջը. «Այս դեպքում նա հիվանդագին է ընդունում զուգընկերոջ կողմից ուշադրության պակասը, եւ դա կախվածության աստիճանի է հասնում: Այս տեսակի խանդոտին հատուկ է ցածր ինքնագնահատականը եւ անվստահությունը: Նա մտածում է, որ բացի տվյալ զուգընկերոջից, ինքը ոչ մեկին պետք չէ եւ առանց այդ մարդու կկործանվի: Նման անձին բնորոշ հարցերը՝ «ինչո՞վ եմ ես վատը», «ի՞նչը այնպես չեմ անում» եւ այլն»: Նա հնարավոր բոլոր միջոցներով փորձում է հետապնդել զուգընկերոջը, փորձում է ամեն կերպ հաստատել իր ինքնությունը, ցույց տալ որ ինքը ունի արժանիքներ, ինքը լավն է… Այս տեսակ խանդոտներն իրենց սեփական նախաձեռնությամբ դիմում են հոգեբաններին»:
Հոգեբանը կարծում է, որ եթե ընտանիքում առկա է խանդը, ընտանիքը վերածվում է քաոսի եւ խախտվում են ընտանեկան անդորրն ու ներդաշնակությունը, կպչուն մտքերին կարող են հետեւել ագրեսիվ գործողություններ: Խանդոտ ծնողներ ունեցող ընտանիքներում կարող են մեծանալ նեւրոտիկ խանգարումներով երեխաներ:

Լիլիթ Խաչատրյանը բոլոր խանդոտներին խորհուրդ է տալիս. «Հոգեբանական կայունության հասնելու, իրեն լիարժեք գնահատելու եւ ինքնության հստակեցման պայմաններում միայն մարդը կարող է իրական գնահատական ձեւավորել իրավիճակների նկատմամբ: Շատ կարեւոր է հիշել, որ խանդը քայքայիչ հույզ է եւ այն կարող է փչացնել ներդաշնակ հարաբերությունները: Վստահությունը ներքին ուժերին եւ ներքին հնարավորություններին ամենակարեւոր հատկանիշն է հոգեկան բավարարվածության համար: Պետք է կարողանալ հասնել սեփական անձի ուշադրության եւ սիրո պահանջմունքի բավարարմանը՝ տարբեր ճանապարհներով: Շատ կարեւոր է ներքին վերլուծությունը եւ հիմնական դրդապատճառների դուրս բերումը, որը ձեր մոտ առաջացրել է խանդի զգացողություն եւ վարքային դրսեւորումներ: Իսկ եթե ինքնուրույն չեք կարողանում ձերբազատվել տանջող ապրումներից եւ քայքայիչ հույզերից, ապա հարկ է, որ ամպայման դիմեք հոգեբան մասնագետների»:

ԱՆԺԵԼԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԵՊՀ ժուռնալիստիկայի
ֆակուլտետի ուսանողուհի

«Առավոտ» օրաթերթ
06.02.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29