Ըստ լուսնային օրացույցի, այս տարի փետրվարի 8-ին չին ժողովուրդը կնշի Ամանորը կամ Գարնան տոնը: Սա չինացիների ամենասիրելի տոնն է, եւ դրա նախապատրաստությանը նրանք մեծ նշանակություն են տալիս: Մարդիկ իրենց տները զարդարում են ծաղկած ծառերի ճյուղերով` որպես ծաղկունքի խորհրդանիշ: Տոնակատարությունը տեւում է 15 օր, եւ այդ օրերից յուրաքանչյուրն ունի իր խորհուրդը:
Գագիկ Ստեփանյանի անվան համար 135 հիմնական դպրոցի դահլիճում երեկ ամենուրեք ծաղկած ծառերի ճյուղեր էին դրված, որոնք մոռացնել էին տալիս ձմռան ցուրտն ու ստեղծում ջերմ, գարնանային տրամադրություն: Ինչպես միջոցառման սկզբում նշեց Լոռվա Ձոր հայրենակցական միության նախագահ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգո Երիցյանը` «Այսօր մենք նշում ենք Նոր տարվա եւս մեկ կարեւոր մեկնարկ մեր բարեկամ չին ժողովրդի հետ մեկտեղ»: Սերգո Երիցյանի խոսքով` «Շատ կարեւոր է, որ հայ երեխաները որքան հնարավոր է ավելի ու ավելի շատ ծանոթ լինեն տարբեր ժողովուրդների ավանդույթներին, սովորույթներին, տոնակատարություններին»:
Միջոցառմանը հայ աշակերտները պատրաստվել էին մեծ ջանասիրությամբ: Չինական եւ հայկական հեքիաթների բեմադրություններ, երաժշտական եւ պարային համարներ:
Երեխաների այսչափ լավ պատրաստվածությունը հիացրել էր Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Երլունին: Նա նշեց, որ «Այս միջոցառումը եւս մեկ անգամ ապացուցեց, որ Հայատանում մեծ ուշադրություն են դարձնում երեխաների կրթությանը, քանի որ նրանք լավ են տիրապետում եւ’ լեզուներին, եւ’ բեմական խոսքին»:
Կարդացեք նաև
Միջոցառման ավարտին դպրոցի տնօրեն Գարեգին Ներսեսյանը եւ Սերգո Երիցյանը դեսպանին նվիրեցին դպրոցի աշակերտների ձեռքի աշխատանքը չինական մետաքսի վրա:
Այս միջոցառումը եւս մեկ անգամ հաստատեց, որ երկու երկրների միջեւ եղած հեռավորությունը չի կարող խոչընդոտել նրանց բարեկամական ջերմ հարաբերությունների ամրապնդմանն ու զարգացմանը:
Նյութը եւ լուսանկարները`
ՄԵՐԻ ԱՂԱՋԱՆՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ
06.02.2016