Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստորեն էլեկտրաէներգիան թանկացավ

Փետրվար 08,2016 12:00

Անցյալ տարի ջահելներն ու բողոքավորները Բաղրամյան փողոցը տեւականորեն փակ պահեցին՝ պահանջելով անփոփոխ պահել էլեկտրաէներգիայի սակագինը: Բողոքն այնքան ազդեցիկ էր, որ իշխանությունները որոշակի խոստումներ տվեցին՝ աուդիտ եւ այլն: Հետո խոսակցություններ տարածվեցին առ այն, որ Սամվել Կարապետյանը մտադիր է սեփականացնել տվյալ ոլորտը՝ էլեկտրաէներգիայի սակագներն անփոփոխ պահելով:
Այսինքն՝ մարդիկ հանգստացան՝ մտածելով, որ էլեկտրաէներգիան չի թանկանա: Այսինքն՝ պայքարը դադարեց: Պայքարողների մի մասը լքեց Բաղրամյան փողոցը, մյուսներն էլ եւս մի քանի օր Բաղրամյանը փակ պահելուց հետո լծվեցին սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարին, որը, փաստորեն, նույնպես որեւէ արդյունք չտվեց: Հիմա մենք ունենք նոր Սահմանադրություն եւ էլեկտրաէներգիայի նոր սակագին:
Փաստորեն, ստացվում է, որ Բաղրամյանը փակելն ու երիտասարդ ընդդիմադիրների բավական խրոխտ ու հետեւողական պայքարը որեւէ արդյունք չտվեցին: Մի պահ թվում էր, թե տվել ու տալու են, բայց ժամանակը ցույց տվեց, որ որեւէ դրական արդյունք չունենք: Մեր կարծիքով՝ պատճառները շատ են: Առաջինն, իհարկե, պայքարողների հակասություններն էին, որոնք բոլորի համար տեսանելի էին: Պայքարի կիզակետում՝ ամենավճռական պահին պայքարողներից ոմանք կարծիք հայտնեցին, որ պետք է Բաղրամյանն ազատել եւ պայքարը շարունակել Ազատության հրապարակում: Այդպես էլ արեցին: Մնացողները մնացին եւ եւս մի քանի օր փակ պահեցին Բաղրամյան պողոտան, որն ընդամենը մի քանի օր անց բացվեց. այլ կերպ չէր էլ կարող լինել, որովհետեւ արդեն Բաղրամյան պողոտայի տվյալ հատվածում պողոտան փակած ընդդիմադիրները քանակով ավելի քիչ էին, քան իրավիճակը հսկող ուժայինները:

Պատճառներից մյուսն էլ եւ, թերեւս, ամենագլխավորն ու ամենահիմնականը այն է, որ ընդդիմադիր կուսակցությունները, եթե դրանք դեռեւս մնացել են ու կան, բացակայում կամ գրեթե բացակայում են քաղաքական դաշտից ու ասպարեզից: Եթե չեն էլ բացակայում, ապա առանձնապես ներկա էլ չեն, որովհետեւ ոչ միայն անջատ-անջատ են գործում, այլեւ նպատակներն էլ միասնական չեն: Նույնիսկ ամենապարզունակ հարցերում նրանք միասնական կարծիք ու դիրքորոշում չունեն:

Իբր թե պայքարում էին սահմանադրական փոփոխությունների դեմ, բայց մինչեւ հանրաքվեի օրն էլ ընդհանուր հայտարարի չէին եկել՝ հանրաքվեին մասնակցե՞լն է ճիշտ, թե՞ հանրաքվեն բոյկոտելը: Ընդդիմադիր դաշտում միասնություն ու միասնական պայքար չկա: ՀԱԿ-ն առանձին է պայքարում, Նիկոլը՝ առանձին, Սեֆիլյանականներն՝ առանձին, Հայրիկյանը՝ առանձին, նույնիսկ «Ժառանգությունն» ու Զարուհի Փոստանջյանն են առանձին-առանձին պայքարում: Այս ֆոնի վրա եթե Պարույր Հայրիկյանը հայտարարում է, որ հնարավոր է՝ մոտ ապագայում ինքն ու Րաֆֆի Հովհաննիսյանը միանան, դա արդեն ձեռքբերում ու նվաճում է համարվում, ինչպես նաեւ՝ իշխանություններին խստագույն հաթաթա:

Եթե մի ժամանակ մեր ընդդիմադիրների անմիաբանությունը համեմատում էինք «Կարապը, խեցգետինը եւ գայլաձուկը» առակի հետ, հիմա դա էլ չենք կարող անել, որովհետեւ կարապը, խեցգետինն ու գայլաձուկն այս պահին ընդհանրապես են բացակայում ընդդիմության ջրերից: Մանավանդ՝ գայլաձուկը:

ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ

«Առավոտ» օրաթերթ
06.02.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29