Փետրվարի 5-ի համերգում Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի (ՀՊԵՆ) գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը ղեկավարեց Սարաևոյի ֆիլհարմոնիկ նվագախումբը Բոսնիայի և Հերցեգովինայի մայրաքաղաքի Ազգային թատրոնում: Մենակատարն էր Ռան Ջիան (դաշնամուր, Չինաստան), որն, ի դեպ, Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի դափնեկիրներից է:
Հնչեցին Լյուդվիգ Վան Բեթհովենի եւ Պյոտր Չայկովսկու ստեղծագործությունները: Ստորև «Առավոտի» ընթերցողները կարող են գտնել հատվածներ հոդվածներից նվիրված համերգին եւ հրավիրյալ դիրիժորին հրապարակված Radiosarajevo.ba կայքում։
«Հիշել Չայկովսկուն․Սերգեյ Սմբատյանը ղեկավարեց Սարաևոյի ֆիլհարմոնիկ նվագախումբը հանուն կատարելության» վերնագրով հոդվածի հեղինակն ասում է, որ Չայկովսկու Չորրորդ սիմֆոնիան նվագախմբի և Հայաստանից երիտասարդ հրավիրյալ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի կատարմամբ կհիշվի որպես Չայկովսկու գործերի լավագույն կատարումներից մեկը։ Նա այնուհետև գրում է․
«Այս սիմֆոնիան բարդ գործ է, որը պահանջում է լավ տեխնիկական եւ ֆիզիկական ունակություններ, լավ կազմակերպված թիմ և նվագախմբի բացառիկ երաժշտական զգայունություն: Եվ հայ դիրիժորին հաջողվեց ստանալ բոլոր չորս բաղադրիչները երաժիշտներից: Նրա էներգիան «վարակեց» թե՛ նվագախմբի անդամներին, և թե՛ հանդիսականին, այնպես որ մենք բոլորս շունչ քաշելու ժամանակ էլ չունեցանք։ Սիմֆոնիայի առաջին՝ առավել բարդ մասը ներկայացրեց մեզ փողային գործիքների ողջ գեղեցկությունը, և այս համերգը ապացուցեց, որ Սարաևոյի Ֆիլհարմոնիկը կարող է մրցակցել տարածաշրջանում լավագույն նվագախմբերի հետ»:
Կարդացեք նաև
«Հանդիսատեսը արձագանքեց Սմբատյանի և նվագախմբի երաժիշտների կատարմանը օվացիայով համերգի վերջում, և սա վկայությունն է այն բանի, որ հանդիսատեսը ունի գերազանց չափանիշներ», – ասում է հեղինակն և դրվատանքով արտահայտվում դաշնակահարուհի Ռեն Ջիայի մասին, որը, չնայած իր «նրբագեղ և փխրուն տեսքին», վարպետորեն կատարեց Բեթհովեն «անողոք ուժով», և որ «Բեթհովենի ամբողջ հանճարը ի հայտ է գալիս հենց այսպիսի կատարումների ժամանակ․․․»:
Նույն հեղինակը հրապարակել է հոդված նաև համերգի նախօրեին. «Նա կատարել է Լոնդոնի Ֆիլհարմոնիկի եւ Ջոն Մալկովիչի հետ, և այսօր երեկոյան նա հանդես կգա Սարաևոյում» վերնագրով, որում, մասնավորապես, ասվում է. «Սերգեյ Սմբատյանը, մի երիտասարդ հայ դիրիժոր, որը նվաճում է աշխարհը իր արվեստով, իր կարիերայի ընթացքում ղեկավարել է Մարիինյան նվագախումբը, Մոսկվայի ֆիլհարմոնիկ, Վարշավայի ֆիլհարմոնիկ, Կորեայի կամերային, նաև՝ Լոնդոնի ֆիլհարմոնիկ նվագախմբերը… Նա ունեցել է համատեղ աշխատանքի փորձ հայտնի դերասան Ջոն Մալկովիչի հետ հետաքրքիր մի երաժշտական նախագծի շրջանակներում, և համատեղ համերգ է ունեցել հանրահայտ երաժիշտ Մաքսիմ Վենգերովի հետ Վինձորի դղյակում»։
«Իր հարցազրույցում համերգից առաջ Սերգեյ Սմբատյանը նշեց, որ իր ամենակարեւոր նախագիծը Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի ստեղծումն է, որը ղեկավարում է ցայսօր։ «Իմ նախնական գաղափարը տասը տարի առաջ եղել է համախմբել երաժիշտներին և կատարել երաժշտություն, բայց այն ժամանակ ես չէի կարող նույնիսկ երազել, որ մենք հիմա կունենանք նվագախումբ, որ ունենք այսօր՝ պետական կարգավիճակով, ֆինանսական աջակցությամբ, մեծ երկացանկով, տարեկան մի քանի հյուրախաղերով արտերկրում: Այնպես որ, կրկնեմ․ սա իմ կարիերայում ամենամեծ նվաճումն է..․Նվագախումբ ղեկավարելը միմիայն երաժշտությունը եւ համերգներ տալը չէ։ Այդ պատճառով էլ ես ձգտում է հնարավորինս շատ լինել Հայաստանում… »:
Հոդվածագիրը հարցնում է. «Բայց, այնուամենայնիվ, նա ղեկավարել է Լոնդոնի ֆիլհարմոնիկը, և ոմանք կարծում են, որ դա կարող է լինել իր կարիերայի գագաթնակետը …»
Սմբատյանը պատասխանում է. «Այո՛, ես աշխատել եմ Լոնդոնի երեք խոշորագույն նվագախմբերի հետ, նաև՝ Դրեզդենի ֆիլհարմոնիկի, Իսրայելը ֆիլհարմոնիկի, առաջատար կորեական նվագախմբերի հետ… Այսօր դուք կարող եք գտնել, իրոք, մեծ նվագախմբեր ամբողջ աշխարհում, քանի որ մենք ունենք շատ լավ երաժիշտներ: Բայց որքանով կարեւոր է ունենալ լավ երաժիշտներ, այնքանով էլ կարեւոր է երկացանկի ընտրությունը»։
Իսկ ինչո՞ւ է Սերգեյ Սմբատյանն ընտրել Չայկովսկուն Սարաևոյում կատարելու համար: Պատասխանը հետևյալն է.
«Ես ուսումնասիրել եմ Չայկովսկու գործերը կոնսերվատորիայում, այնպես որ այս մեծ կոմպոզիտորի գործերը հիմքն են իմ երաժշտական գիտելիքների․․․ Չայկովսկու Չորրորդ սիմֆոնիան մի հրաշալի երաժշտություն է: Այն հիմնված է ռուսական ժողովրդական երգերի վրա, և այդ հմայիչ մեղեդիներն ընկած են կոմպոզիտորի ամբողջ հորինվածքային ռազմավարության հիմքում։ Սա սիմֆոնիա է, որտեղ ամեն ինչ գեղեցիկ է, և շատ բարդ, և ո՛չ միայն տեխնիկական, այլ նաեւ երաժշտական առումով: Չկան այնքան շատ գործեր երաժշտական գրականության մեջ, որ «ստիպեն» նվագախմբի յուրաքանչյուր անդամին նվագել նույն եռանդով.․․ Չորրորդ սիմֆոնիան հնարավորություն է տալիս երաժիշտներին վայելել կատարումը, ինձ էլ՝ տալ հանդիսականին լավագույնը, ինչ կարող եմ։ Վստահ եմ, որ մենք լավագույնս կկատարենք Սարաևոյում »:
Նաեւ հարցնում է. «Քանի որ Սմբատյանը գալիս է Հայաստանից, որը ունի նշանակալի և հայտնի երաժշտական ավանդույթներ, հարցրեցինք դիրիժորին դրա մասին»:
«Դուք իրավացի եք, մենք իսկապես ունենք ուժեղ և հարուստ երաժշտական ավանդույթներ: Նույնիսկ մեր ավանդական գործիք դուդուկը դարձել է բազմաթիվ ֆիլմերի երաժշտություն.․․ Մեր երաժշտական ավանդույթները մեզ տալիս է հնարավորություն նոր երաժշտական պատմություններ ստեղծելու: Գիտե՛ք, մեր նվագախումբը կատարում է հայկական ժողովրդական եւ սիմֆոնիկ երաժշտության համադրություններ ժամանակ առ ժամանակ».
Ըստ հոդվածների հեղինակի, երիտասարդ դիրիժորն իր հիացմունքն արտահայտեց այն բանի կապակցությամբ, որ եկել է Սարաևո եւ հանդիպել Սարաևոյի ֆիլհարմոնիկ նվագախմբին:
«Ես շատ ուրախ եմ, որ այստեղ եմ, և որ աշխատում եմ Սարաևոյի ֆիլհարմոնիկի հետ, քանի որ այդտեղ շատ կան երիտասարդ երաժիշտներ: Ես կարծում եմ, որ դա լավ է, որ այս նվագախումբը հնարավորություն է տալիս երիտասարդ երաժիշտներին իրենց ցույց տալու և զարգանալու … Նրանք խթան են ապահովում և նոր էներգիա ներբերում, և ես իրենց մոտ զգում եմ մեծ ոգևորություն ու ցանկություն ավելին անելու… Ես գիտեմ, որ սա ամենամեծ նվագախումբն է Բոսնիայում և Հերցեգովինայում, և որ ի լրումն համերգների նրանք նվագում են օպերաներ ու բալետներ, ինչը դժվար է»:
Վերջապես, մաեստրո Սմբատյանին լրագրողը հարցրել է դերասան Ջոն Մալկովիչի հետ վերջինիս հետ համատեղ աշխատանքի մասին:
«Առաջին հերթին, մենք լավ ընկերներ են: Գիտե՛ք, Մալկովիչը կոմպոզիտոր Ալֆրեդ Շնիտկեի մեծ երկրպագուն է, և նա ուզում է ցույց տալ աշխարհին նրա ժառանգությունը։ Ահա թե ինչու և ինչպես իրականացավ Report on Blind նախագիծը, որտեղ հայտնի դերասանը պատմիչն էր, դաշնամուրի մենակատարը՝ Քսենիա Կոգանը, ես էլ՝ դիրիժորը. այն կատարեցինք Սեուլում, և այս նախագիծը ունեցավ հսկայական հաջողություն։ Հաջորդ տարի մենք կունենանք շատ համերգներ ամբողջ Եվրոպայում։ Ջոն Մալկովիչը իսկապես լավագույն դերասաններից է, և նա ունի զարմանալի միտք; այդ մասին է վկայում այն, որ նա լրջորեն հետաքրքրվում է Շնիտկեով, և այսօր դուք հազվադեպ կհանդիպեք մեկին, որը, չլինելով երաժիշտ, գիտի այդքան բան այդ կոմպոզիտորի մասին: Մալկովիչը իսկապես փորձում է ընդլայնել ձեր մտահորիզոնը, և ես ուրախ եմ, որ ծանոթ եմ և աշխատել եմ իր հետ»:
Գուրգեն ԽԱԺԱԿՅԱՆ