Մեր կամքից անկախ ամբողջ կյանքում ստիպված ենք հավատարիմ մնալ որոշակի օրենքների, որոնք նպաստում են մեր առողջության պահպանմանը։ Յուրաքանչյուր մարդ պետք է նախ եւ առաջ ապրի երկար, որպեսզի իրականացնի այն ամենը, ինչի մասին երազել է, որպեսզի հասնի իր առջեւ դրված նպատակին: Մարդ պետք Է միշտ առույգ լինի` լցված կենսատու ուժերով եւ գործելու ծարավով։
Որպես կանոն մենք կարողանում ենք զգալ մոտեցող հիվանդության ախտանշանները` դատելով մեր օրգանիզմի վիճակից։ Օրգանիզմի ազդանշանային համակարգը, խոր քնից մեզ արթնացնող զարթուցիչի նման, նախազգուշացնում Է, որ օրգանիզմի համակարգային շղթայի օղակներից ինչ-որ մեկում թույլ են տրվել խախտումներ, եւ որ անհրաժեշտ է այդ օղակի աշխատանքի պայմանների մանրակրկիտ ստուգում։
Քրոնիկական հոգնածությունը այդ տագնապի ազդանշաններից մեկն է։ Հանկարծ հայտնաբերում եք, որ սկսել եք շուտ հոգնել։ Գիշերային հանգիստը չի վերացնում հոգնածության զգացողությունը եւ առավոտյան դուք ձեզ ջարդված եք զգում։ Ամենօրյա աշխատանքը այլեւս հաճույք չի պատճառում։ Դուք աշխատում եք աստիճանաբար ազատել օրգանիզմը ամեն տեսակի ծանրաբեռնվածությունից։ Դուք կորցրել եք ակտիվությունը, գործելու ծարավը։ Ժամանակ առ ժամանակ հոգեպես ընկճվում եք։ Դուք զգում եք, որ ի վիճակի եք կատարելու այս կամ այն գործը, եւ ամեն ինչ շատ ավելի լավ կանեիք, եթե կարողանայիք ազատվել հոգնածության այդ մշտական զգացողությունից։ Երբեմն զգում եք ուժերի անսպասելի հորդում, եւ օգտվելով առիթից, աշխատում եք հնարավորին չափ շատ բան անել։ Դուք զարմանում եք, թե ինչու չեք կարողանում միշտ այդպես լավ զգալ ձեզ։
Եթե դուք տառապում եք քրոնիկական հոգնածությամբ, առաջին հերթին պարզեք, թե քանի ժամ եք քնում գիշերը, երբ եք պառկում եւ երբ արթնանում։
Քանի որ մենք ստիպված ենք ապրել ժամանակակից կյանքով, բայց եւ այնպես պետք է աշխատենք հնարավորության սահմաններում այնպես կարգավորել մեր աշխատանքի եւ հանգստի ռեժիմը, որ այն համապատասխանի բնության կողմից հաստատված իմաստուն ապրելակերպին։
Առանձնապես կարեւոր է հնարավորին չափ շատ քնել մինչեւ կեսգիշեր ընկած ժամանակահատվածում։ Կան, անշուշտ, մարդիկ, որոնց համար ընդամենը մի քանի ժամվա քունն էլ հերիք է, որպեսզի առավոտյան իրենց զգան թարմ ու առույգ։ Բայց այդպես չեն զգում այն մարդիկ, որոնք ունեն քրոնիկական հոգնածություն: Եթե դա իրոք այդպես է, ապա ամերիկացի բժիշկ Դ. Ս. Ջարվիսը խորհուրդ է տալիս դիմել մեղրի օգնությանը, որպես լավագույն քնաբեր եւ օրգանիզմը հանգստացնող միջոց: Մեղրը մեղուների կողմից վերամշակված շաքար է, այն կարիք չունի մշակման եւ պատրաստ է օրգանիզմի կողմից յուրացվելու։ Ընդունելուց քսան րոպե անց մեղրը արդեն հայտնվում է արյան մեջ։ Ինչ վերաբերում է քրոնիկական հոգնածությանը, ապա ժողովրդական բժշկությունը չգիտի ավելի լավ բուժամիջոց, քան մեկ գավաթ մեղրը երեք թեյի գդալ խնձորի քացախով։ Այս խառնուրդով լիքը բաժակը կարող եք պահել ննջարանում եւ քնելուց առաջ ընդունել երկու թեյի գդալ։ Պառկելուց կես ժամ հետո կքնեք։ Բայց եթե չքնեք, ընդունեք եւս երկու թեյի գդալ։ Ծայրահեղ թուլության դեպքում հնարավոր է մի քանի գդալի կարիք զգացվի, եւ եթե գիշերը արթնանաք եւ զգաք, որ այլեւս չեք կարողանում քնել, ընդունեք եւս մի քանի գդալ։ Այսպիսի բուժամիջոցը սովորական քնաբերից անհամեմատ լավ է, քանի որ հիմնված է օրգանիզմի բնական պահանջները բավարարելու վրա, մանավանդ, որ մեղրը անվնաս է: Ժողովրդական բժշկությունը գտնում է, որ խնձորի քացախի հետ համադրվելով, այն ավելի արդյունավետ է։
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
06.02.2016