Լրահոս
Օրվա լրահոսը

Դեմքը սնուցեք բանջարեղենային դիմակներով

Փետրվար 08,2016 11:00

Ձմռանը ցուրտը վնասում է մեր մաշկը, ուստի միայն խոնավացնող քսուքները բավարար չեն այն թարմ ու գեղեցիկ պահելու համար: Հարկավոր է պարբերաբար օգտագործել խոնավացնող, թարմացնող դիմակներ` հատկապես բանջարեղենային հիմքով:

Մաշկը թարմացնող, տոնուսավորող դիմակ կարող եք պատրաստել հում կարտոֆիլով, նուշով, կաթով եւ ձիթապտղի յուղով: 1 հում կարտոֆիլի խույսին ավելացնել մի քանի կաթիլ ձիթապտղի յուղ, 1 ճաշի գդալ թարմ կաթ եւ 1 թեյի գդալ նշի քերուկ:

Լավ խառնել եւ ստացված զանգվածը քսել դեմքին, պահել 20 րոպե, ապա լվացվել գոլ ջրով: Այնուհետեւ դեմքին քսել սնուցող դիմաքսուք:

Մաշկի թառամության դեմ շատ օգտակար է, երբ պարբերաբար օգտագործեք գազարի քերուկի դիմակներ: Գազարը քերիչով մանր քերել, դնել դեմքին, պահել 15-20 րոպե, ապա լվացվել գոլ ջրով: Որից հետո քսել փափկացնող դիմաքսուք: Կամ մաքրած, թարմ, ջրալի գազարը քերել, խառնել լավ հարած ձվի սպիտակուցի հետ, ավելացնել մի քիչ ալյուր, որպեսզի ստացվի խյուս: Քսել դեմքին ու պարանոցին, պահել 15-20 րոպե, որից հետո լվացվել եւ դեմքին քսել սնուցող դիմաքսուք: Այս դիմակը պետք է դնել շաբաթը 2-3 անգամ:

Կարող եք երիտասարդեցնող դիմակ պատրաստել նաեւ կաղամբով: Թարմ կաղամբը կտրատել, եփել կաթով, դարձնել խյուս եւ մի քիչ հովացնելուց հետո քսել դեմքին: Պահել 20 րոպե: Կամ թարմ կաղամբի  տերեւների վրա լցնել եռման ջուր, փափկելուց հետո թաթախել բուսական յուղի մեջ` նախընտրելի է ձիթապտղի, ապա դրանցով ծածկել դեմքն ու պարանոցը: Պահել 20 րոպե, լվացվել գոլից մի փոքր տաք ջրով:

Իսկ եթե ցանկանում եք ձեր դեմքը լինի նուրբ եւ թավշյա եւ փոքր ինչ սպիտակ, ապա կարող եք փորձել մաղադանոսով դիմակ:

1 Ճաշի գդալ մանր կտրատած թարմ մաղադանոսի վրա լցնել 1 բաժակ եռման ջուր եւ թրմել մի քանի ժամ: Այս եփուկով դեմքը մաքրել առավոտյան եւ երեկոյան` 1-2 ամիս շարունակ: Մաղադանոսը նաեւ վերացնում է դեմքի պեպենները:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
06.02.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29