Այսօր Գյումրիում նշել են Բուն բարեկենդանի տոնը ու «Գյումրու ձմեռ» տոնակատարությունը, որին քաղաքի բազմաթիվ երիտասարդներից ու իշխանավորներից բացի մասնակցել են նաեւ արտասահմանցի կամավորներ: Վերջիններս բարեկենդանը դարձրել են զվարճալի ու ինքնատիպ՝ ներկայանալով գյումրեցի չեմպիոններ Արթուր Ալեքսանյանի, Արսեն Ջուլֆալակյանի ու քաղաքապետ Սամվել Բալասանյանի դիմակներով: Բուն բարեկենդանը, որը սովորաբար նշում են Մեծ պահքի քառասնօրյա շրջանին նախորդող կիրակի օրը, Գյումրիում սկսվել է առավոտյան «Սուրբ Յոթ Վերք եկեղեցում» պատարագի մատուցմամբ, որից հետո երիտասարդները բարեկենդանին բնորոշ ծիսական տիկնիկներով ու դիմակներով շարժվել են «Մայր Հայաստան հուշահամալիր» -ի տարածք՝ «Գյումրու ձմեռ» տոնակատարությանը մասնակցելու:
Այստեղ ավանդական կերակրատեսակների՝ օրինակ՝ Գյումրվա քյալլայի, գաթայի հյուրասիրությունից, երգ-երաժշտություն հնչեցնելուց բացի, գյումրեցի մարզիկները իրենց ուժերն են չափել տարբեր սպորտաձեւերում:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ