Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում հանրաքվեի մասին օրենքը միջազգային չափանիշերի հետ համապատասխանեցման կարիք ունի

Փետրվար 07,2016 15:29

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը հրապարակել է Հանրաքվեի փորձագիտական խմբի վերջնական զեկույցը, որը բաղկացած է ութ բաժնից:

Ամփոփագրում ասվում է, որ Հայաստանի Հանրապետության կառավարության հրավերի հիման վրա 2015 թ. դեկտեմբերի 6-ին Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության ժողովրդավարական հաստատությունների և մարդու գրասենյակը (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) տեղակայել է Հանրաքվեի փորձագիտական խումբ (ՀՓԽ)՝ Սահմանադրական հանրաքվեն դիտարկելու նպատակով: ԵԱՀԿ / ԺՀՄԻԳ ՀՓԽ-ի ուշադրության կենտրոնում են գտնվել իրավական դաշտը, հանրաքվեի կառավարումը, քարոզարշավը և լրատվամիջոցները: ԵԱՀԿ / ԺՀՄԻԳ ՀՓԽ չի գնահատել սահմանադրական փոփոխությունների բովանդակությունը կամ հանրաքվեի օրը համակարգված ձևով չի դիտարկել հանրաքվեի ընթացքը: Բարեփոխումները կոչված էին փոփոխություններ կատարել գործող Սահմանադրության բոլոր հոդվածներում՝ բացառությամբ երկու հոդվածների: Իրավական դաշտը, ընդհանուր առմամբ, ապահովում է ամուր հիմք հանրաքվեի անցկացման համար, թեև Հանրաքվեի մասին օրենքը կարիք ունի ժողովրդավարական ընտրական գործընթացների միջազգային չափանիշների հետ հետագա համապատասխանեցման:

Հանրաքվեն անց է կացվել եռաստիճան վարչարարությամբ, որը ղեկավարվում էր ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) կողմից: Չնայած թափանցիկ և արհեստավարժ ձևով աշխատելու փորձերին, հանրաքվեի վարչարարությունը տուժել է շահագրգիռ կողմերի վստահության բացակայությունից և այն համատարած կարծիքից, որ ավելի ցածր աստիճանի հանձնաժողովները անկարող են եղել անաչառ կերպով կատարել իրենց պարտականությունները:

Ընտրողների վերջնական ցուցակներում ընդգրկված են 2,566,998 ընտրողներ: Ոստիկանությունը ջանքեր է գործադրել փարատել ընտրացուցակների նկատմամբ համընդհանուր անվստահությունը, սակայն տարբեր շահագրգիռ կողմերը մատնանշել են ընտրողների ցուցակների ճշգրտությանը առնչվող վաղեմի, չլուծված խնդիրները, այդ թվում՝ անհարկի բարձր թվով գրանցումներ որոշ հասցեներում և մահացած մարդկանց առկայությունը ընտրողների ցուցակներում:

Մասնավորապես, մտահոգություն է առաջացնում հնարավոր շահարկման այն փաստը, որ ընտրողների ցուցակներում ընդգրկված են արտերկրում ապրող բազմաթիվ մարդկանց անուններ, ովքեր իրավասու են քվեարկել միայն այն դեպքում, եթե ֆիզիկապես գտնվեն երկրում: Միավորումների, խոսքի, հավաքների և տեղաշարժման հիմնարար ազատությունները քարոզարշավի ընթացքում հիմնականում պահպանվել են: Քարոզարշավը խիստ բևեռացված էր և կենտրոնացած էր առաջարկվող նոր սահմանադրության մի քանի հարցերի շուրջ:

Մինչ սահմանադրական բարեփոխումների կողմնակիցները շեշտում էին քաղաքական համակարգը փոխելու առավելությունները, դրա հակառակորդները պնդում էին, որ փոփոխությունները նախատեսված են սատարել գործող նախագահին և իշխող կուսակցությանը՝ պահպանել իրենց իշխանությունը: Պետական պաշտոնյաների կողմից քարոզչություն կատարելու վերջերս ընդունված իրավական սահմանափակումների վերացումից հետո, պետական պաշտոնյաները գլխավորում էին «Այո» քարոզարշավը, և իշխանությունները կենտրոնացել էին հսկայական հանրային միջոցներ՝ սահմանադրական փոփոխությունների օգտին քարոզելու համար:

Լրատվական միջավայրը ընկալվում է որպես քաղաքականացված: Մեծ թվով լրատվամիջոցներ գործում են սահմանափակ գովազդային շուկայում, և հեռուստատեսությունը շարունակում է մնալ հիմնական տեղեկատվության աղբյուր: Լրագրողների գործունեության անվտանգությունը և ապահովությունը շարունակում է մնալ լուրջ մտահոգության առարկա:

Գրեթե բոլոր խորհրդարանական խմբակցությունները օգտվեցին անվճար եթերաժամ ստանալու հնարավորությունից: Վճարովի գովազդի եթերաժամը հասանելի էր միայն խորհրդարանական խմբակցություններին, և հիմնականում ձեռք էր բերվել «Այո» քարոզչության կողմնակիցների կողմից:

Ընտրական բողոքների և գանգատների իրավական շրջանակները բավականաչափ մանրամասնված են, և այդ համակարգը բնութագրվում է ձևակերպված ընթացակարգերի կողմից: Սակայն, Սահմանադրությունը միայն Նախագահին և առնվազն թվով մեկ հինգերորդ պատգամավորներին է ընձեռում իրավունք բողոքարկելու հանրաքվեի արդյունքները: Դիմումներ ներկայացնելու նման սահմանափակ իրավական կարգավիճակը կասկածի տակ է դնում հանրաքվեի շահագրգիռ կողմերի դատական պաշտպանության առկայությունը:

Վեճերի լուծման արժանահավատությունը խաթարվել էր հանրաքվեի վարչարարության և դատարանների նկատմամբ վստահության պակասի պատճառով:

Ընտրատեղամասերում, որտեղ ԵԱՀԿ / ԺՀՄԻԳ ՀՓԽ-ն դիտարկել է ձայների հաշվարկի ընթացքը, լուրջ խնդիրների թվում են՝ «Այո» քարոզարշավի վստահված անձանց կողմից միջամտություն և ահաբեկում, որոնք հանգեցրել են փաստացի քվեարկության արդյունքների փոփոխմանը: Տեղական դիտորդները, ընդդիմադիր խմբերը և լրատվամիջոցները բարձրաձայնում էին մեղադրանքներ համատարած խախտումների, միջամտության և ահաբեկումների վերաբերյալ քվեարկության և հաշվարկի գործընթացի ընթացքում երկրի ամբողջ տարածքում: Իշխանությունները խոստացել էին, որ բոլոր նման հայտարարությունները քննության կառնվեն ԿԸՀ-ի և իրավապահ մարմինների կողմից, բայց, միաժամանակ, ժխտում էին, որ խախտումները համակարգված էին և ենթադրում էին, որ առաջատար քաղաքացիական հասարակական խմբերը կողմնակալ են, քանի որ հայտնի էր, որ նրանք դեմ էին հանրաքվեին:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29