«Դա արտահայտչական միջոց է: Սխալ է հենց կոնկրետ սահմանում կանգնած զինվորի հետ համեմատել: Համեմատությունը բանակի հետ ճիշտ է, որովհետեւ սա էլ է իր գեներալներն ունեցող ծառայությունը, որը լավ, թե վատ ծառայում է եւ պետք է հաշվի առնել,- այս մասին «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի կազմակերպած «Արտաքին քաղաքականություն եւ լուսաբանում» թեմայով սեմինարի ընթացքում ասաց ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար, Ազգային ժողովի պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 2-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց, որ «դիվանագետների վրա քար շպրտել, ինչպես նաեւ հակառակորդի առջեւ կանգնած զինվորի վրա քար շպրտելն անբարոյական է: Դիվանագետը նույն զինվորն է արտաքին ասպարեզում»:
Aravot.am-ն Ալեքսանդր Արզումանյանից հետաքրքրվեց, թե կիսո՞ւմ է արդյոք այս կարծիքը: «Անշուշտ զինվորին, որն այս պահին կանգնած է դիրքում, համեմատել Փարիզում կոնֆերանսին մասնակցող մեր երկրորդ քարտուղարի հետ, այդքան էլ ճիշտ չէ: Ռիսկերն եւ վարձատրությունն անհամեմատելի են»:
Նա կարծում է, որ լրագրողները պարտավոր են գտնել դեսպանների թերացումները, հրապարակել «ժողովուրդն իմանա, հասկանա եւ նման դեսպաններ չնշանակվեն: Այստեղ ես տարբերությունում չեմ դնում օրինակ Լոռիի մարզպետի եւ Իտալիայի դեսպանի միջեւ: Երկուսն էլ գործ են անում, որը սխալ է անում, մսխում է հարկատուների գումարները, պետք է պատժվի»:
Կարդացեք նաև
Ալեքսանդր Արզումանյանը նշեց է, թե լրագրությունն այն մասնագիտությունն է, որի համար չկա փակ դուռ. «Անբարոյական է դուռ փակելը, բարոյական է ինֆորմացիա գտնելը: Մարդիկ լրագրողների ձեռից հրաժարականներ են տվել ամբողջ աշխարհում: Հայաստանում էլ դա կլինի»:
Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ