Այսօր առավոտյան անհայտ անձը կամ անձինք ավազակային հարձակում են գործել Գյումրու կենտրոնական թաղամասերերից մեկում գտնվող 231/598 տնակում բնակվող միայնակ կնոջ՝ 1942 թվականին ծնված Վալյա Սարգսյանի վրա, նրան ծեծել, դանակահարել են, տունը թալանել:
Տարեց կնոջը տեղափոխել են հիվանդանոց: Գյումրու բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանն Aravot.am-ին տեղեկացրեց, որ նրան հիվանդանոց են տեղափոխել առավոտյան, կնոջ մոտ առկա է գանգուղեղի փակ վնասվածք, ուղեղի ցնցում, կրծքավանդակի բութ վնասվածք:
Ոստիկանությունն այս պահին աշխատում է նրա տնակում, իսկ քննիչները կնոջը հարցաքննում են հիվանդանոցում:
Նախնական տեղեկությունների համաձայն, առավոտյան կինը դուրս է եկել բակ, իր դռան մոտ հավաքված ձյունը մաքրելու, երբ մաքրել, մտել է տուն, հետեւից մտել է հանցագործը: Վերջինիս ձեռքին եղել է դանակ, դանակի ծայրով խփել է գլխին, ձեռքերով, ոտքերով հարվածել է մարմնի տարբեր հատվածներին ու հափշտակել 65 հազար դրամ: Ժամը 9-ի սահմաններում շտապօգնություն են կանչել, այնուհետ զանգահարել են ոստիկանություն:
Կարդացեք նաև
Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը Aravot.am-ին տեղեկացրեց, որ հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի175 հոդվածի 2-րդ մասի, 3-րդ ու 4-րդ կետերով:
Նշենք, որ ըստ հարեւանների, տարեց կինը տոկոսով փող է տալիս, դրանով է յոլա գնում, թեեւ Վալյա Սարգսյանը հերքում է: Նա ունի որդի, սակայն միայնակ է ապրում: Հանցագործը կամ հանցագործները դեռ բացահայտված չեն: Գյումրեցիներին ապշեցրել է կատարվածը, նրանք անչափ մտահոգված են, որ սկսել են ավազակային հարձակում գործել խարխուլ տնակներում ապրող մարդկանց, ընդ որում՝ միայնակ ծերերի, կանանց վրա:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ