«Եթե ԵՏՄ-ին վերաբերվենք զուտ որպես տնտեսական կառույց, մի կողմ թողնենք քաղաքականությունը, կան մի քանի տարբերակներ: Եթե ԵՏՄ-ում միասնական տնտեսական տարածք է ու այդ տարածքում չկա միասնական արժույթ, դա արդեն խնդիր է: Եթե կա ԵՏՄ ու չկա էներգակիրների միասնական շուկա, դա արդեն խնդիր է»,- «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի կազմակերպած «Արտաքին քաղաքականություն եւ լուսաբանում» թեմայով սեմինարի ընթացքում ասաց «Հայկական ժամանակ» թերթի տնտեսական մեկնաբան Հայկ Գեւորգյանը:
Նրա խոսքերով՝ եթե այդ երկու հարցերը չլուծվեն, Հայաստանը միշտ կմնա ամենատուժածի կարգավիճակում. «Հայաստանը երբեք չի վարի դրամավարկային մի քաղաքականություն, որով դրամն ավելի շատ կարժեզրկվի, քան ռուսականը: Այդ դեպքում Հայաստանի ապրանքներն ավտոմատ կերպով կթանկանան ԵՏՄ շուկայում: Հայաստանի արտադրողը միշտ կստանա ավելի թանկ գազ, քան Ռուսաստանի արտադրողը»:
Խոսելով Ռուսաստանից Հայաստան մատակարարվող գազի հնարավոր էժանացման մասին, Հայկ Գեւորգյանն ասաց, որ գործարարների համար գազի գինը կարող է իջնել հենց այս պահին, «եթե ուզենա Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը: Երբ Հայաստանը գազ էր ստանում 189 դոլարով, գործարարները վճարում էին 270 դոլարին համարժեք դրամ: Հիմա գազը ստանում ենք 165 դոլարով, այդ գործարարները կրկին 270 դոլար են վճարում»:
Սակայն Հայկ Գեւորգյանը կարծում է, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը չի գնա այդ քայլին, քանի որ կա քաղաքական որոշում, որ գազի գինը պետք է նույնը մնա եւ «Գազպրոմ-Արմենիան» մեծ շահույթ ստանա:
Կարդացեք նաև
Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ