Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Ալեքսանդր Մալայանի խոսքով՝ Հայաստանում հանդիպող ակնաբուժական հիմնական խնդիրները չեն տարբերվում այլ երկրներում եղածներից: Կան, իհարկե, որոշակի շեղումներ, որոնք պայմանավորված են մեր երկրի աշխարհագրական դիրքով: Դրանցից մեկը, օրինակ, գարնանային կատար կոչված հիվանդությունն է, որի պատճառն ուլտրամանուշակագույն ճառագայթների հանդեպ գերզգայունությունն է:
Ա. Մալայանն ասում է, որ այս հիվանդությունը ժամանակին հաճախ է հանգեցրել կուրության և ուղեկցվել անհույս վիրահատություններով: Բարեբախտաբար, հիմա արդեն այդպես չէ. «Աշխարհում տարածված ակնաբուժական հիմնական միջամտություններն ու ախտորոշումները ներկայումս կատարվում են Հայաստանում»,- «Ազդակ» լրագրողական ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ վստահեցրեց Ա. Մալայանը:
Անդրադառնալով տեսողության վրա համակարգչի ազդեցությանը՝ ակնաբույժը նկատեց, որ այդ ազդեցությունը կարող է հասնել նվազագույնի, եթե պահպանվեն հիգիենայի կանոնները՝ ճիշտ լուսավորություն, ճիշտ դիրք և այլն. «40-50 րոպե աշխատելուց հետո պետք է 10-15 րոպե ընդմիջում անել,- ասաց նա.- վերջին տարիներին աշխարհում մեծ տարածում է գտել «չոր աչք» վիճակը, որը, առաջին հերթին, համակարգչի առջև երկար ժամանակ գտնվելուց է առաջանում: Կլանված նայում եք էկրանին՝ առանց աչքը թարթելու, դրանից էլ աչքը չորանում է»:
Դառնալով տեսողության և սննդակարգի կապին՝ Ա. Մալայանն ասաց, որ հատուկ սննդակարգ գոյություն չունի, որը կարող է նպաստել տեսողության բարելավմանը, սակայն վիտամիններով հագեցած սնունդը կարող է դրական ազդեցություն ունենալ:
Ակնաբույժի խոսքով՝ տեսողության վրա բացասաբար կարող է ազդել շաքարային դիաբետը: Նա խորհուրդ է տալիս այս հիվանդությունը հայտնաբերելուց հետո դիմել նաև ակնաբույժի, որովհետև այդ ազդեցությունն սկզբնական շրջանում սովորաբար աննկատ է լինում:
Ա. Մալայանը խոսեց նաև մեր օրերում հաճախ կիրառվող օպտիկական և գունավոր լինզաների մասին. «Լինզաները աչքի վրա բացասական ազդեցություն չունեն, եթե որակյալ են: Դրանք կարող են վատ ազդել միայն այն դեպքում, երբ աչքը դրանց հանդեպ զգայուն է»:
Մասնագետը խորհուրդ տվեց օգտագործել որակյալ և արտոնագրով լինզաներ, ինչպես նաև դրանք չկրել երկու օրից ավելի. «Ինչքան էլ ասեն, որ կարելի է օրերով կրել, այդպես չէ. բոլոր դեպքերում, այն օտար մարմին է աչքի համար»,- նշեց Ա. Մալայանը:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ