Հայաստանում լրագրողները գործատուների և ոչ միայն գործատուների թիրախում են գտնվում, և քչերն են պայքարում սեփական իրավունքների պաշտպանության համար,որովհետև այդպիսով էլ վտանգվում է նրանց աշխատանքը: Նման դեպք գրանցվել է օրեր առաջ:
«Լրագրողների միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպությանը հայտնի է դարձել, որ ԱԺ-ի էթիկայի նորմերի պահպանման, ԱԺ կանոնակարգին հավատարիմ մնալու համար լրագրող Լիլիթ Լալայանը ոչ թե խրախուսվել, այլ հեռացվել է աշխատանքից խմբագրի որոշմամբ:
Henaran.am լրատվական գործակալությունը աշխատանքից հեռացրել է լրագրող Լիլիթ Լալայանին այն բանից հետո, երբ ԱԺ Էթիկայի հանձնաժողով վարույթ է ընդունել ԱԺ 7 պատգամավորների դեմ Լալայանի դիմումը:
Թեև Henaran.am-ի խմբագիր Լիլիթ Դավթյանը պաշտոնապես չի մեկնաբանում աշխատանքի հեռացման պատճառը, սակայն ակնհայտ է, որ հեռացման հիմքում ընկած է էթիկայի հանձնաժողով լրագրողի դիմումը, որովհետև խմբագիրը լրագրողին աշխատանքից հեռացնելու մասին որոշումը կայացրել է հունվարի 21-ին, երբ հունվարի 20-ին ԱԺ էթիկայի հանձնաժողովը գործը վարույթ է ընդունել՝ լրագրողի դիմումը համարելով հիմնավոր։
Կարդացեք նաև
Խմբագիրը նման որոշում կայացրել է այն դեպքում, երբ լրագրողը նույնիսկ Henaran.am-ի անունից չի դիմել, այլ իր երկրորդ աշխատավայրի համար պատրաստված տեղեկատվական նյութերի հիման վրա:
Չնայած խմբագիրը պաշտոնապես չի նշում ազատման պատճառը, սակայն այդ ակնհայտ է, որովհետև էթիկայի նորմերը խախտող յոթ պատգամավորներից վեցը Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավորներ են. ԱԺ Հանրապետական խմբակցությունից` Սպարտակ Մելիքյանը, Համլետ Հարությունյանը, Կարեն Սարիբեկյանը, Սեյրան Սարոյանը, Առաքել Մովսիսյանը և Արշակ Մխիթարյանը, և «ԲՀ» խմբակցությունից` Բազմասեր Առաքելյանը: Նրանք խախտել են պատգամավորական էթիկայի նորմերը և նախորդ տարվա ավարտին արտահերթ նիստերի ժամանակ քվեարկել բացակա գործընկերների փոխարեն:
Հետևաբար, լրագրողը հեռացվել է աշխատանքից խմբագրի քաղաքական հայացքներին չենթարկվելու համար:
Լրագրողին աշխատանքից ազատելը քաղաքական ենթատեքստ է պարունակում, ինչը խիստ դատապարտելի է: Խմբագրի կողմից լրագրողին աշխատանքից հեռացնելը կարող է նախադեպ դառնալ լռեցնելու այն լրագրողներին, ովքեր կբարձրաձայնեն ԱԺ-ում և քաղաքական դաշտում նմանատիպ խախտումների մասին, ինչ էլ իր հերթին կբերի խոսքի անազատության:
«Լրագրողների միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպության համար անընդունելի և խիստ դատապարտելի է նման վարվելակերպը, առավել ևս զարմանալի, երբ լրագրողի ազատ գործելու իրավունքը խախտվում է խմբագրի կողմից, ով իրականում պետք է պայքարի խոսքի անազատության ու լրագրողի գործունեության խոչընդոտումների դեմ, այլ ոչ թե լրագրողին ծառայեցնի սեփական շահերի ու քաղաքական հայացքների համար:
«Լրագրողների միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպություն
Հարգելի «Լրագրողների միավորում»,
*նախ. ուզում եմ ճշտել. ՀՀ Աշխատանքային օրենսգրքում ՛՛աշխատանքից հեռացում՛՛ եզրույթ գոյություն չունի, դա ստալինյան ժամանակներից եկած ՛՛քաղցր՛՛ հիշողություն է, պետք է օգտագործել ՛՛աշխատանքից ազատում՛՛ կամ ՛՛պայմանագրի լուծում՛՛ եզրույթները:
*երկրորդ. աշխատանքից ազատում են ոչ թե ՛՛որոշմամբ՛՛, այլ հրամանով՝ որով գործատուն իր նախաձեռնությամբ լուծում է աշխատողի հետ կնքած պայմանագիրը / հոդված 113 /
*երրորդ. գործատուն պարտավոր է 115 հոդվածով նախատեսված ժամկետներում նախապես ծանուցում տալ /գրավոր/ պայմանագրի լուծման մասին՝ հղում կատարելով ՀՀ ԱՕ համապատասխան դրույթին, այնպես որ ՛՛Henaran.am-ի խմբագիր Լիլիթ Դավթյանը կարող է պաշտոնապես չմեկնաբանել աշխատանքի հեռացման պատճառը՛՛, սակայն պարտավոր է գրավոր ծանուցել այդ մասին:
Խորհուրդս. անօրենին պետք է քարշ տալ իրավական դաշտ, այլ ոչ թե բարոյական խրատներ կարդալ, ասվում է. չէ՞.
Սևին սապոնն ինչ անի՝
Խևին՝ խրատը…