Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵԽ բանաձևը կարող է դրական արդյունքներ ունենալ». Սաշիկ Սուլթանյան

Փետրվար 06,2016 20:41

Եվրախորհրդարանը (ԵԽ) փետրվարի 4-ին միաձայն բանաձև է ընդունել, որով դատապարտում է Մերձավոր Արևելքում «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման զինյալների կողմից իրականացվող քրիստոնյաների, եզդիների և այլ ազգային փոքրամասնությունների նկատմամբ պարբերաբար իրականացված զանգվածային սպանությունները՝ անվանելով դրանք ցեղասպանություն:

Եվրախորհրդարանի բանաձևի 10-րդ կետը «կոչ է անում Եվրոպական միությանն ստեղծել հավատի և կրոնի ազատության հարցերով մշտական հատուկ ներկայացուցչի պաշտոն», որը կօգնի Եվրոպական միությանն առավել արդյունավետ պայքարել աշխարհում կրոնական հիմքով բռնությունների աճի դեմ:

Բանաձևը մշակվել է՝ թիրախավորելով Մերձավոր Արևելքի կրոնական փոքրամասնություններին:

«Եզդիների ազգային կոմիտե» հասարակական կազմակերպության փոխնախագահ Սաշիկ Սուլթանյանն այս բանաձևի հետ մեծ հույսեր է կապում. «Այն կարող է դրական արդյունքներ ունենալ, քանի որ վկայակոչում է ՄԱԿ-ի նախորդ զեկույցները: Բացի այդ, ոչ միայն իրավիճակն է արձանագրում, այլև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կոչ է անում համապատասխան քայլեր ձեռնարկել այդ ամենին վերջ տալու համար»,- «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Սաշիկ Սուլթանյանը:

Նրա խոսքով՝ Եվրախորհրդարանում ընդունված իրավական ակտը Եվրոպայում կդառնա նաև այլ քննարկումների առարկա, քանի որ բանաձևը քննարկվելու է տարբեր հանձնաժողովներում, և մշակվելու է հետագա գործողությունների ծրագիր:

«Բանաձևի ընդունումը պատահական չէր: Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը համարժեք գնահատական չէր ստացել եվրոպական համայնքի կողմից: Մարդու իրավունքները, համաշխարհային արժեք լինելուց բացի, նաև եվրոպական արժեք են: Եվ եթե Եվրոպան այդ գործողությունները չորակեր որպես ցեղասպանություն, առաջին հերթին իր գաղափարներին էր դեմ գնալու»,- ասաց Ս. Սուլթանյանը՝ ընդգծելով, որ բանաձևն ընդունվել է եվրոպական կառույցների ճնշման արդյունքում: Այդ հարցում իրենց լուման են ունեցել նաև տարբեր երկրներում բնակվող եզդիական համայնքները:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29