«Եթե համեմատելու լինենք Վերահսկիչ պալատի գործառույթները աուդիտորական պալատի կամ հաշվեքննիչ պալատի հետ, ըստ էության, նրանց նպատակները նույնն են»,- փետրվարի 6-ին «Հայք» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:
Նա ընդգծեց, որ մի էական փոփոխություն է կատարվել, որը էապես փոխելու է այսօրվա Վերահսկիչ պալատի գործունեության հնարավորությունները. «Հաշվեքննիչ պալատը չափազանց ավելի անկախ է լինելու, քան այսօրվա Վերահսկիչ պալատը: Եվ դա արտահայտվում է չափազանց կարեւոր հանգամանքով. խորհրդարանը այսօր իր գործառույթները իրականացնում է նաեւ հաստատելով Վերահսկիչ պալատի տարեկան գործունեության ծրագիրը: Այսինքն՝ այսօրվա կոնցեպցիան այն է մեր Սահմանադրության եւ օրենսդրության, որ խորհրդարանը իր վերահսկողական առաքելությունը իրականացնում է հաստատելով Վերահսկիչ պալատի գործունեության տարեկան ծրագիրը: Նոր Սահմանադրությունը ավելի մեծ անկախություն է տալիս Հաշվեքննիչ պալատին»:
Գագիկ Մինասյանը նշեց, որ արդեն իսկ մի կարեւոր դրույթ է արձանագրված, որ Հաշվեքննիչ պալատը պետք է ունենա ե՛ւ ներքին աուդիտ, ե՛ւ պետք է ենթարկվի արտաքին աուդիտին. «Իր հաշվեքննման արդյունքները, ինքը պետք է ներկայացնի ոչ միայն այնպես, ինչպես հիմա՝ ամփոփ, տարվա ընթացքում 1 անգամ, այլ տարվա ընթացքում ինքը պետք է պարբերաբար ներկայացնի իր կողմից հաշվեքննման ենթարկված մարմինների հաշվեքննության արդյունքները, եւ դրանք տարվա ընթացքում պարբերաբար՝ 10-15 անգամ քննարկման առարկա դառնան խորհրդարանում: Միջազգային փորձը ցույց է տալիս, որ այսպիսի հրապարակային գործունեության ոճը էապես բարձրացնում է հաշվեքննության արդյունավետությունը եւ կանխարգելման էֆեկտը»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
Կարդացեք նաև