Լրահոս
Օրվա լրահոսը

«Վերահսկիչ պալատն այսուհետեւ պետք է լինի Հաշվեքննիչ պալատ» 

Փետրվար 06,2016 18:36

«Նոր Սահմանադրությունը ենթադրում է մի շարք օրենքներում փոփոխություններ, որոնցից մեկը «Վերահսկիչ պալատի մասին» օրենքի փոփոխությունն է:»,- փետրվարի 6-ին «Հայք» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով Հաշվեքննիչ պալատին, ասաց ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:

Նա նշեց, որ Սահմանադրության 13-րդ գլուխը հստակ արձանագրում է, որ Վերահսկիչ պալատն այսուհետեւ պետք է լինի Հաշվեքննիչ պալատ, այսինքն՝ աուդիտորական պալատ: Հաշվեքննիչ պալատի անդամներին առաջադրելու է ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը՝ 6 տարի ժամկետով: Գագիկ Մինասյանի կարծիքով՝ ձեւավորված աշխատանքային խումբը բավականին ներկայացուցչական է: Աշխատանքային խմբի անդամներ են ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամները, Վերահսկիչ պալատի, կառավարության, Կենտրոնական բանկի ներկայացուցիչները եւ խորհրդատուներ. «Մեր աշխատանքի սկզբունքը սա է լինելու՝ մենք հավաքելու ենք բոլոր հարցադրումները, որոնք մեր աշխատանքային խմբի անդամները կներկայացնեն: Դրանք հեշտությամբ կարելի է բաժանել երկու մասի՝ հարցադրումներ, որոնք կարելի է հաղթահարել հենց մեր ներքին ուժերով, այդ հարցադրումների հետ կապված մենք կունենանք ձեւակերպումներ, որոնք հետագայում իրավաբանական տեսք կստանան, բայց նաեւ կլինեն հարցադրումներ, որոնք մեր ներին ռեսուրսների հաշվին դժվար կլինի հաղթահարել, դժվար կլինի գալ կոնսենսուսի, եւ սա շատ բնական է: Այդպիսի հարցադրումների հետ կապված, որոնք որ այսօր էլ ուրվագծվում են, մենք հավանաբար անհրաժեշտություն կունենանք միջազգային փորձագետ հրավիրելու, եւ նրանց օգնությամբ հասնելու կոնսենսուսային լուծումների»:

Գագիկ Մինասյանը նշեց, որ Հաշվեքննիչ պալատի մասին օրենքը գործելու է խորհրդարանական ընտրություններից հետո, եւ իրենք  նախատեսում են աշխատանքներն ավարտել այս նստաշրջանի ավարտին,որպեսզի աշնանային նստաշրջանում օրենքն ընդունվի 2 ընթերցմամբ.«Մեր ներքին փորձն ասում է, որ երկրորդ տարվա գարնանային նստաշրջանը արդեն նախընտրական տարվա տրամադրություններ են լինելու, եւ շատ ավելի ճիշտ կլինի, որ մենք այդտեղ աշխատանք չթողենք, որովհետեւ միշտ լինում են խնդիրներ, որոնք վերջին նստաշրջանի վրա են կուտակվում: Մենք ձգտում ենք այս տարվա աշնանային շրջանում ամեն ինչ ավարտել»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29