Արարատյան Հայրապետական թեմի Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում այսօր տեղի ունեցավ ՀՀ ԶՈՒ 5-րդ բանակային զորամիավորման Անդրանիկ Օզանյանի անվան զորամասի նորակոչիկների երդման արարողությունը:
Զորամասի հոգեւոր սպասավոր Վոլոդյա սարկավագ Նաջարյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Թերեւս առաջին անգամ Անդրանիկ Օզանյանի անվան զորամասի զինծառայողների երդման արարողությունը կազմակերպվում է Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում: Դեռեւս Արցախյան պատերազմի տարիներին զորքը հոգեւորականից օրհնություն է ստացել, այնուհետեւ գնացել մարտական գործողություն կատարելու: Ցանկանում ենք, որ մեր նորակոչիկների ծառայությունը սկսվի Աստծո օրհնությամբ եւ Աստծո տնից՝ աղոթքով»:
Կարդացեք նաև
Կարեւորելով զինվոր-հոգեւորական-եկեղեցի կապի ամրապնդումը՝ Վոլոդյա սարկավագը նշեց, որ դրա շնորհիվ եկեղեցու սպասավորները կարողանում են զինվորներին հոգեւոր դաստիարակություն տալ. «Զինվորները սովորում են ոչ միայն զենքի, այլեւ հոգեւոր զենքերի իմացություն, ինչը նրանց տալիս է ներողամտության եւ հանդուրժողականության կարեւոր գաղափարները: Հոգեւորականներն ամենուր են՝ զինվորի կողքին՝ յուրաքանչյուր հարցում: Հոգեւորականի աշխատանքը բոլոր զինվորների հետ է»:
Մեր զրուցակիցն արդեն 4 տարի հոգեւոր ծառայություն է իրականացնում զորամասում: Նրա առաքելությունը ներառում է զինվորների հետ անհատական աշխատանք՝ միջոցառումներ, դասախոսություններ, Մկրտություն, ուխտագնացություններ:
Հավելենք, որ երդման արարողության ավարտին Սուրբ Երրորդություն եկեղեցում կատարվեց զինվորների օրհնության կարգ:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Լուսանկարները՝ Aravot.am-ի