Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյան. «Թող դժգոհողները փորձեն հասկանալ՝ ո՞ր ցուցանիշն է ավելի ցածր, քան իրենց ամբիցիաները»

Փետրվար 06,2016 15:15

Փետրվարի 6-ին «Կոնգրես» հյուրանոցում լրագրողների հետ խոսելով  ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների վարկանիշավորման 2015 թվականի արդյունքներից ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը նշեց, որ ազգային վարկանիշավորման հանրակրթական համակարգը վերջին տարիներին ստեղծված եւ կատարելագործված կարեւորագույն գործիքներից մեկն է հասարակության, մանկավարժական հանրույթի եւ նախարարության համար, որպեսզի չափելի, շոշափելի, արժանահավատ չափանիշներով կարողանան համեմատել համեմատելին: «Գիտեք, որ դպրոցները շատ տարբեր են ե՛ւ կազմակերպաիրավական ձեւով, ե՛ւ կրթական ծրագրերով, ե՛ւ աշակերտների թվով, ե՛ւ աշխարհագրական տեսակետից, հետեւաբար մենք դպրոցները բաշխել ենք ըստ իրենց հիմնական չափանիշների եւ համեմատել ենք միեւնույն խմբում եղած դպրոցները, ինչպես խոշոր քաղաքային, այնպես էլ գյուղական դպրոցները, ինչպես առանձին գործող ավագ դպրոցները, այնպես էլ մասնավորները: Կրկնում եմ, որ այս տեղեկատվությունը կարեւոր է շատ-շատերի համար, այն կարեւոր է ծնողների համար՝ հասկանալու դպրոցի ուժեղ եւ թույլ կողմերը, այն կարեւոր է տնօրենների, մանկավարժների համար, որպեսզի կարողանան հասկանալ՝ որտեղ է դպրոցի խնդիրը կամ հակառակը՝ որտեղ է դպրոցի մրցակցային առավելությունը, այն կարեւոր է նախարարության համար, որպեսզի իհարկե լավագույններին  խրախուսելուց բացի կարողանանք թիրախավորել մեր օգնության լրացուցիչ աջակցության կարիք ունեցող դպրոցները: Վարկանիշները պետք չի սիրել, հավանել կամ չհավանել, վարկանիշները պետք է քննարկել: Ընդ որում, պետք է քննարկել թե արդյունքները եւ թե մեթոդաբանությունը, որովհետեւ մենք չենք հավակնում ստեղծել կատարյալ մեթոդաբանություն, քանի որ այդպիսին չկա»,-ասաց նախարարը:

Նրա ձեւակերպմամբ, «Հայաստանի հանրակրթական եւ բուհական վարկանիշավորման համակարգերն իրենց հիմքում ունեն երկու բան՝ միջազգային լավագույն փորձ եւ, տեղայնացման հետ կապված, կոնկրետ հայկական իրականությունից, գործունեության առանձնահատկություններից բխող գերակայություններ: Այս ամենը համադրելով՝ մենք չենք չափում օրինակ բուհերում Նոբելյան մրցանակակիրներ դասավանդու՞մ են, թե՝ ոչ: Դա միջազգային ստանդարտ է, Հայաստանում այդ ստանդարտը չկա: Նույնը վերաբերում է նաեւ  դպրոցներին, այս պարագայում էլ ենք օգտվել միջազգային փորձից: Ի դեպ դպրոցական վարկանիշավորման համակարգեր քիչ երկրներում կան, հիմնականում անգլոսաքսյան մշակույթի երկրներում, Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում, Կանադայում, Մալազիայում: Այո սա փորձարկման հայկական փորձ է, մենք փորձարկում ենք միջազգային այս գործիքը: Անցյալ տարիների  արդյունքում նորից վերամշակել ենք:  Նորից կրկնեմ՝ կլինեն դժգոհներ, բայց վարկանիշից դժգոհելուց առաջ՝ ես կխնդրեմ դժգոհել հենց իրենց աշխատանքից, հասկանալ, թե որ ցուցանիշով են հետ ընկել, որ ցուցանիշն է ավելի ցածր, քան իրենց ամբիցիաները: Բնականաբար նախարարությունը պատրաստ է մշակել մեթոդաբանությունը եւ հաջորդ տարի տալ ավելի տեսանելի, արժանահավատ արդյունքներ: Բայց  եղած ցուցանիշները հստակ են՝ ուսումնառություն, որի տեսակարար  կշիռը ամենամեծն է 45%, ուսուցիչների որակ, վերապատրաստված լինել, տարակարգ եւ այլն՝ մոտ 20 % , ներքին կյանք 5 %, արտաքին կյանք 5 % եւ վերջին կարեւոր գործոնը կառավարումն է: Գաղտնիք չէ, որ դպրոցի որակը մեծապես կախված է կառավարման խնդիրներից, տնօրենի հմտություններից, կառավարման մարմինների իրական գործունեությունից: Այս  գործոնի տեսակարար կշիռն էլ 25 % է: Ինչ վերաբերում է մասնավոր դպրոցներին, նրանց պարագայում կառավարման արդյունավետություն չենք դիտարկում, որովհետեւ իրենք շահույթ հետապնդող կազմակերպություններ են եւ իրենց կառավարման դետալների մեջ մենք մտնելու հնարավորություն չունենք»,-հավելեց Արմեն Աշոտյանը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29