Aravot.am-ը ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանից հետաքրքրվեց՝ սահմանամերձ բնակավայրերի դպրոցների ֆինանսավորման ու հաստիքների կրճատման հարցով, որոնց վերաբերյալ մտահոգություններ կան:
«Բոլոր այդ մտահոգություններին ծանոթ է նախարարությունը, վերջին տարիների ընթացքում այդ հարցը լուծված է ԿԳ եւ Ֆինանսների նախարարների համատեղ հրամանով: Դուք գիտեք, որ դպրոցները ֆինանսավորվում են ինչպես բազային ֆինանսավորմամբ, այնպես էլ աշակերտ/թվով: Մենք լրամշակեցինք ֆինանսավորման բանաձեւը, եւ արդյունքում սահմանամերձ, լեռնային փոքր դպրոցները ստանում են ավելի շատ գումար: Իրենք ունեն երաշխավորված գումար՝ անկախ աշակերտների թվից: Մենք դպրոցները բաժանել ենք երեք խմբերի՝ մինչեւ 100, մինչեւ 300, 300 եւ դրանից ավել աշակերտներ ունեցող խմբերի, եւ մինիմալ երաշխավորված հաստիքացուցակ պետությունը ֆինանսավորում է, որովհետեւ իրականում, օրինակ գրադարանավարուհի, դպրոցում պետք է՝ անկախ նրանից 10 աշակերտ է, թե 1000»,-ասաց ԿԳ նախարարը:
Արմեն Աշոտյանը հավելեց, որ վարչական աշխատողների, հաշվապահի եւ նման այլ աշխատակիցների գոյությունը դպրոցներում, պարտադիր պայման է, անկախ նրանից, թե դպրոցը քանի երեխա ունի: «Եթե խոսենք ցանկություններից, իհարկե շատ ցանկալի է, որ կրթության, գիտության ֆինանսավորումն ավելանա առհասարակ: Բայց երբ նայում ենք պետական բյուջեի կառուցվածքը, նման բոլոր առաջարկությունների պարագայում, իմ ցանկությունն անգամ անտեսելով, իմ գործընկերներին հետեւյալ հարցն եմ տալիս՝ իսկ որտեղի՞ց վերցնենք այդ գումարը… Երբ բացում ես պետական բյուջեն, տեսնում ես ռազմական ծախսեր, սոցիալական ծախսեր, առողջապահություն, մշակույթ եւ այլն, իսկ այդ ամբողջի գումարը տալիս է 100, ուրեմն որտեղի՞ց վերցնել այդ 0,5 %-ը՝ պաշտպանությունի՞ց, սոցիալակա՞ն ոլորտից, առողջապահությունի՞ց…Հասկանալի է, որ տվյալ պարագայում, ելնելով պետության գերակայություններից, ռազմաքաղաքական իրավիճակից եւ այլն, ունենալով այդ խնդիրը՝ ինչպես շատ ու շատ երկրներ, այն գիտակցաբար չենք դարձնում ճգնաժամային, որովհետեւ այդ պարագայում ոչինչ չենք կարող լուծել: Ճիշտ է, գումարը կարեւոր է, բայց կրթության որակի համար պակաս կարեւոր չէ ներքին ընթացակարգերի բարելավումը, աշխատող մարդկանց որակի բարելավումը…»:
Նախարարը կարծում է. «Անգամ այդ պայմաններում, ոչ մի դեպքում մենք չպետք է լացենք,ընդհակառակը պետք է աշխատենք հնարավորության սահմաններում՝ երբեմն թռչելով մեր գլխից վերեւ»:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ