Երեւանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի երաժշտական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանի պաշտոնանկության խմորը դեռ ջուր է տանում: Այժմ էլ հայտարարվում է, որ նվագախմբի անունից Սերժ Սարգսյանին ուղղված բաց նամակի տակ, որով նրան խնդրում էին վերադարձնել Դուրգարյանին, երաժիշտները չեն ստորագրել:
Նման հայտարարությամբ երեկ հանդես է եկել թատրոնի տնօրեն Անդրանիկ Արզումանյանը՝ նշելով. «Նվագախմբից բաց նամակ նախագահի անունով չի եղել եւ ոչ մեկ դրա տակ չի ստորագրվել: Ով որ դա արել է, հիմա համապատասխան մամինները զբաղվում են այդ հարցով, որովհետեւ դա քրեական պատասխանատվության խնդիր է նաեւ, որովհետեւ ամբողջ կոլեկտիվի անունից անել այդպիսի ֆոլսիֆիկացիաներ՝ օգտագործելով նաեւ նախագահի անունը, գտնում եմ, որ դա իհարկե, մեծ հանցանք է: Իսկ ով է արել եւ ինչի համար, ես չեմ բացի փակագծերը, մարդիկ իմ կարծիքով խելացի են եւ կհասկանան»:
Այսօր, սակայն, մեզ այդպես էլ չհաջողվեց պարզել, թե համապատասխան որ մարմինն է զբաղվում փաստորեն ըստ Արզումանյանի կեղծված նամակով: Ավելի ուշ թատրոնի գեղարվեստական ղեկավարի տեղակալ Կարեն Շահինյանը մեր զրույցում ասաց, թե որեւէ տեղ իրենք չեն դիմել եւ տնօրենի հայտարարությունը սխալմունք է եղել: «Ես եմ ներկա եղել, մոտեցան մարդիկ, ասացին` մենք նման նամակ չենք ստորագրել, եւ պարոն Արզումանյանն ասաց՝ Կարեն ջան, ինչ ես կարծում, միգուցե դիմենք համապատասխան մարմիններին՝ գան, ստուգեն: Մենք չենք դիմել, մենք միայն մտածել ենք այդ մասին: Ուղղակի պարոն Արզումանյանը մարդ է, չէ, մսից, ոսկորից, միգուցե բերանից սխալ արտահայտություն է թռել: Համապատասխան մարմիններին մենք չենք դիմում, որովհետեւ գտնում ենք, որ ընտանիքի թեման պետք չէ դուրս հանել, առավելեւս որ գլոբալ խնդիր չկա»,- ասաց Շահինյանը:
Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում:
Նախ, ոչ թե ֆոլսիֆիկացիա, այլ ֆալսիֆիկացիա: Երևի տնօրենը ռուսական կրթություն ունի և կարծում է, թե այդ բառի հայերենը ո-ով է գրվում: Ֆալսիֆիկացիա նշանակում է զեղծարարություն, նենգափոխություն, կեղծարարություն: ”Համապատասխան մարմիններով” սպառնացող տնօրենը հազիվ էլ այդքան բացատրություն տա: Իսկ գեղարվեստական ղեկավարի տեղակալի պարզունակ ու ցինիկ պարզաբանումները վկայում են, որ տաղանդավոր դիրիժորին պարզապես ուզում են հեռացնել թատրոնից, ինչպես ժամանակին վարվեցին Օհան Դուրյանի հետ: Շատ ցավալի է, Մարգարեն իր հայրենիքում տեղ չունի: Հետո էլ կասեն ” մեր տաղանդները գնում են հայրենիքից ”: