Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընի հայտարարել է, որ նախագահ Թայիփ Էրդողանը անարդյունք փորձում է հեռախոսով կապ հաստատել Ռուսաստանի իր գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները սրվեցին այն բանից հետո, երբ 2015թ. նոյեմբերի 24-ին թուրքական F-16 կործանիչը Սիրիայում խոցեց ռուսական Սու-24 ռմբակոծիչը: Ռուսաստանի նախագահը դա համարեց ահաբեկիչների հովանավորների կողմից «հարված թիկունքից»:
«Հունվարի 29-ին Ռուսաստանը հերթական անգամ խախտեց Թուրքիայի օդային տարածքը: Դրանից հետո նախագահ Էրդողանը փորձում է հեռախոսով կապ հաստատել Վլադիմիր Պուտինի հետ, բայց ռուսական կողմի չի արձագանքում»,- Քալընի խոսքերը մեջբերում է թուրքական Anadolu գործակալությունը:
Ավելի վաղ Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ ռուսական Սու-34 ինքնաթիռը խախտել է իրենց օդային սահմանը: Ռուսական կողմը հերքել էր այդ մեղադրանքը՝ դա անվանելով թուրքական «մերկապարանոց քարոզչություն»:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ