Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր թեկնածուն հենց իր կենսագրությամբ է անխոցելի». «Հայոց աշխարհ»

Փետրվար 06,2016 11:02

ՀՀԿ խորհրդարանական խմբակցության նիստում երեկ որոշում է կայացվել Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու առաջադրել արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանին: Այս կապակցությամբ մեկնաբանություններ խնդրեցինք խմբակցության ղեկավար ՎԱՀՐԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՑ։
   
   -Վերջին շրջանում խոսվում էր այն մասին, թե մեծամասնությունն իր կադրային զինանոցում ՄԻՊ-ի մի շարք թեկնածուներ ունի, մնում է ընտրել նրանցից ամենաարժանավորին: Ու հիմա, երբ արդեն հայտնի է ՀՀԿ-ի թեկնածուն, հարց է առաջանում, թե ինչու ՀՀԿ-ն կանգնեց հենց Արման Թաթոյանի թեկնածության վրա, ի՞նչ չափորոշիչներ դեր խաղացին այդ ընտրության հարցում:

-Փոքր-ինչ համաձայն չեմ ձեր հարցադրման այն ձեւակերպմանը, թե ՀՀԿ-ն իր մի քանի թեկնածուներից ուզում էր ընտրել արժանավորին, քանի որ մեր բոլոր թեկնածուներն էլ արժանի էին: Պարզապես մենք կարեւորեցինք տարիների փորձը, հարուստ կենսագրությունը, եւ խմբակցությունում ծավալված քննարկման արդյունքում ընտրությունը կանգնեց Արման Թաթոյանի թեկնածության վրա:
Արման Թաթոյանը ստացել է շատ լավ կրթություն, իրավաբանական գիտությունների թեկնածու է, ունի բավական հարուստ փորձ հենց մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում, աշխատել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում, զբաղվել զինծառայողների, նաեւ կալանավորների իրավունքների պաշտպանության հարցերով:

Նա ունի միջազգային տարբեր կառույցներում աշխատանքի մեծ փորձ, ինչը պակաս կարեւոր հանգամանք չէ: Եվ այս ամենը հաշվի առնելով՝ ՀՀԿ խմբակցության պատգամավորների մեծամասնությունը ամենանպատակահարմարը համարեց նրա թեկնածության առաջադրումը:
 

-Հասարակությունը ՄԻՊ-ի պաշտոնում ուզում է տեսնել արդարամիտ, խելացի, համարձակ, առաքինի անձնավորության։ Սահմանադրության 10-րդ գլխում եւս շարադրված է, թե ինչպիսին պետք է լինի Պաշտպանը, մասնավորաբար, շեշտվում է հասարակության մեջ նրա բարձր հեղինակություն վայելելու հանգամանքը: Բայց ՀՀԿ թեկնածուն կարծես թե այնքան էլ հասարակությանը հայտնի անձ չէ:

-Հասարակությանը հայտնի անձ լինելը հարաբերական հասկացողություն է: Եթե նկատի ունեք, որ հայտնի լինելը չափվում է միտինգներին իր ակտիվ մասնակցությամբ, պոպուլիստական դրսեւորումներով, ապա չէի կամենա, որ մեր երկրի ՄԻՊ-ը լիներ այդպիսին:

Նաեւ հավելեմ, որ հասարակությանը հայտնի անձինք շատ հաճախ առավել խոցելի են լինում: Ի տարբերություն այդպիսիների, մեր թեկնածուն հենց իր կենսագրությամբ է անխոցելի: Ի դեպ, նա աշխատել է լուրջ պաշտոններում:

Համոզված եմ, եթե Ազգային ժողովը Արման Թաթոյանին ընտրի Մարդու իրավունքների պաշտպան, ապա նա շատ կարճ ժամանակում իր աշխատանքով ձեռք կբերի լուրջ հեղինակություն հանրության շրջանում:

Չնայած Արման Թաթոյանի թեկնածությունն առաջադրում է ՀՀԿ խմբակցությունը, քանի որ ըստ գործող օրենքի խմբակցությունները պետք է առաջադրեն ՄԻՊ-ի իրենց թեկնածուին եւ նույն հաջողությամբ Թաթոյանի թեկնածությունը կարող էին նաեւ այլ կուսակցություններ առաջադրել, բայց ԱԺ-ում ընտրվելու դեպքում նա պետք է մոռանա ՀՀԿ-ի կողմից առաջադրված լինելու հանգամանքը ու աշխատի օբյեկտիվության դաշտում:

Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ

Հրապարկումն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29