Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը տրվել է Ռուսաստանին այնքան, որքան հնարավոր է. «168 ժամ»

Փետրվար 06,2016 10:12

Որքան մոտենում են 2017 թվականի խորհրդարանական ընտրությունները, այնքան ավելի հաճախ են Հայաստանում ներկայացված արևմտյան դիվանագետները խոսում այդ ընտրությունների՝ արդար անցկացման ու հասարակության կողմից վստահելի արդյունքների արձանագրման մասին: Խոսում են՝ ավելին, քան սովորական դիվանագիտական արարողակարգը, խոսում են առավել քան կոնկրետ, առարկայորեն և հասցեական: Նրանց այդ հայտարարություններն ուղղված են իշխանությանը, որը սովորել է տարիներ շարունակ կեղծել ընտրությունները և ստանալ Արևմուտքի «ըմբռնողական վերաբերմունքը»:

Իսկ Արևմուտքը հասկացնում է՝ այս անգամ ըմբռնում չի լինելու: Նույն Արևմուտքը, ըստ էության, իշխանությանը վերջին քարտ-բլանշն է տվել՝ սահմանադրական հանրաքվեի կեղծիքներին կրկին «ըմբռնումով մոտենալով», թեև հանրաքվեից հետո հնչած ու հնչող գնահատականներն էականորեն տարբերվում են նախորդ ընտրություններին հաջորդած գնահատականներից: Իշխանությունը վստահեցնում էր, թե սահմանադրական փոփոխություններն իրականացնում է միմիայն ու միայն, բացառապես Հայաստանն ավելի ժողովրդավարական դարձնելու ինքնակործան մղումով:

Սահմանադրական հանրաքվեին հաջորդող գործընթացները, սակայն, վկայում են, որ իշխանությունն ամեն ինչ անում է սահմանադրորեն «հավերժանալու» համար: Ու հիմա Արևմուտքը գրեթե բաց տեքստով հասկացնում է, որ շատ լավ է հասկանում իշխանության քայլերն ու մոտիվացիան ու այլևս դրանց «ըմբռնումով չի մոտենալու»: Որքանով Հայաստանի իշխանությունը լրջորեն կմոտենա այս զգուշացումներին՝ դժվար է ասել: Իշխանությունը, իհարկե, կարող է Արևմուտքին պատասխանել, որ այդ դեպքում ավելի ինքնամոռաց կնետվի Ռուսաստանի գիրկը: Սակայն, ըստ ամենայնի, այդ «ռեսուրսն» արդեն սպառվել է:

Նախ՝ ավելիի տեղ այլևս չկա. Հայաստանը տրվել է Ռուսաստանին այնքան, որքան հնարավոր է: Բացի այդ, դրանից ավելին նշանակում է՝ էլ ավելի կախվածություն Ռուսաստանից: Դա էլ իր հերթին՝ նշանակում է, որ Հայաստանը տնտեսապես ուղղակի կարող է խեղդվել, ավելի ճիշտ՝ Ռուսաստանն իր հետևից դեպի անդունդը կարող է տանել Հայաստանին: Նախորդ գրեթե բոլոր համապետական ընտրություններում իշխանությունը՝ «հաղթելով», ունեցել է ներքին լեգիտիմության այնքան մեծ դեֆիցիտ, որ դա այս կամ այն կերպ փորձել է լրացնել արտաքին լեգիտիմությամբ:

Հրապարակումն ամբողջությամբ՝ «168 ժամ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29