Լրահոս
Օրվա լրահոսը

Հենման կետ

Փետրվար 06,2016 17:00
merujan Ter-Gulanyan

Շարունակ, իսկ վերջին ժամանակներս՝ հաճախ, ցանկացել եմ նամակ գրել ՄԱԿ-ի քարտուղարին ու չեմ գրել: Մտածել եմ գրեմ՝ որ ի՞նչ, այսինքն՝ նամակ գրել համամոլորակային մի կազմակերպության, որը թվում է, թե ստեղծվել է բարի նպատակների համար՝ իրավազրկված ազգերին օգնելու, շումերածնունդ Համմուրաբիի օրենսգիրքը մեր ժամանակների մեջ հիմնավորելու, ուր ասվում է, որ ուժեղը չճնշի թույլին եւ տեր կանգնի որբացածներին…

Քանզի ՄԱԿ-ն իր ստեղծման օրից միայն մի ժողովրդի՝ հրեաներին է տեր կանգնել՝ Հոլոքոստից հետո նրան նվիրելով հայրենիք, եւ ճիշտ է արել: Եվ ՄԱԿ-ի առաջին քայլը խոստումնալից էր: Թվում էր, թե այդպես էլ կշարունակվի: Այնինչ աղետալի արագությամբ բարի նպատակներով ստեղծված Միացյալ ազգերի կազմակերպությունը, ցավոք, դարձավ Միացյալ պետությունների կազմակերպություն:

Ինչքան փոքր ու մեծ ժողովուրդներ կամ ազգեր պետություն չունեն եւ, բնականաբար, ՄԱԿ-ազրկված ժողովուրդներ են, որոնց դժբախտության կամ աղետի վիճակում միայն հումանիտար օգնություն է հասնում… եւ ընդամենը այդքանը:

ժամանակին Ազգային լիգան փորձեց Օսմանյան կայսրության անկումից հետո բնիկ ժողովուրդների համար պետություններ ձեւավորել: Այդ ցուցակում կային նաեւ արեւմտահայերը, պոնտոսցի հույները, քրդերը: Ազգային լիգայի որոշումից անցան տարիներ, եւ նրա ժառանգորդը դարձավ ՄԱԿ-ը, սակայն նրա օրոք միակ ժողովուրդը, որին տրվեց պետություն ստեղծելու հնարավորություն, հրեաներն էին:

Այո՛, ուզում էի նամակ գրել ու այդպես էլ չգրեցի: Չգրեցի, որ պատմության մեջ առաջին ցեղասպանված եւ հայրենազրկված ժողովրդի ցավը այդպես էլ մնաց աշխարհին անհաղորդ, որովհետեւ թվում է, թե աշխարհը չուներ հենման կետ:

Չգիտեմ, գուցե ինչպես ամեն մարդու, այնպես էլ ամեն ազգի հենման կետը ներսում է՝ որպես ներքին սահմանադրություն, որպես ողնաշար:

Այնինչ մարդը թռավ Լուսին, վաղը Մարսը կնվաճի, եւ կարծես կան հենման կետերը, ինչը երազում էր Արքիմեդը:

Եվ այսօր հենման կետը, ըստ էության, Միացյալ ազգերի կազմակերպությունն է, որը պարտավոր էր Կոստանդնուպոլիսը անջատել Թուրքիայից եւ դարձնել աշխարհի ուղղափառների Վատիկան: Պարտավոր էր Արեւմտյան Հայաստանը վերադարձնել հայրենազրկված եւ աշխարհով մեկ ցրված հայերին: Պարտավոր էր վերադարձնել…
Չէ՛, ճիշտ եմ արել, որ չեմ գրել: Դիմել մի կառույցի, որը Միացյալ պետությունների կազմակերպություն է, այնինչ պետություններն իրենց շահերն ունեն՝ ոտնատակ տալով իրավազրկված ազգերին եւ նրանց շահերը:

Խե՜ղճ Արքիմեդ, երազում էր հենման կետ ունենալ, որ շրջի աշխարհը, շրջի դեպի լավը, արդարը… Բայց հենման կետ չուներ:

Այնինչ այսօր, ինչպես ասացի, կա այդ հենման կետը՝ նույնիսկ հենման կետերը, բայց, ափսոս, Արքիմեդ չկա:

ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
05.02.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29