Լրահոս
Օրվա լրահոսը

«Դե, թող մեր դիվանագիտական կորպուսը պատասխանի՝ «կարգավորում» ասելով ի՞նչ է հասկանում»

Փետրվար 06,2016 16:30

Քաղաքագետը նշում է, որ Հայաստանի դիրքորոշումը
ԼՂ հարցի վերաբերյալ անհայտ է

Ադրբեջանի ղեկավարությունը՝ ի դեմս նախագահի եւ արտգործնախարարի, շարունակում է մեղադրել ու քննադատել ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ դժգոհելով, թե վերջինս անգործության մեջ է: Այսպես կարծես մեր հարեւան պետությունը փորձում է ԼՂ հիմնախնդրի բանակցային գործընթացից դուրս մղել Մինսկի խմբին:

«Առավոտի» հետ զրույցում Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի գիտական մասի գծով տնօրեն Մանվել Սարգսյանը նշում է, որ Ադրբեջանը դժվար թե ցանկանա հրաժարվել բանակցային գործընթացի միակ ֆորմատից՝ Մինսկի խմբից, այլընտրանք չունի: «Ընդամենը փորձում է իր «մուննաթներով» Մինսկի խմբին պատասխանատվության տակ դնել: Մեծ հարված ստացան ԵԽԽՎ-ում հակահայկական բանաձեւի քննարկումից, երբ Մինսկի խումբը բացահայտ դուրս եկավ իրենց օգտին բավականին հաջողված փաստաթղթի դեմ»,- ասում է պարոն Սարգսյանը եւ նշում, որ դրան ի պատասխան՝ Ադրբեջանը պետք է հայտարարություններ աներ: Պարոն Սարգսյանը նկատում է, որ Մինսկի խմբի կողմից Ադրբեջանին սաստող հայտարարություններ եղել են, հիշեցնում է նախորդ տարվա հունվարը, երբ ՄԽ-ն կոչ արեց Ադրբեջանին պահպանել հրադադարը, իսկ Հայաստանին առաջարկեց լարվածությունը թուլացնելու ուղղությամբ քայլեր ձեռնարկել: Ըստ Մանվել Սարգսյանի՝ չնայած որ պարբերաբար Մինսկի խումբը փոխում է իր վերաբերմունքը, նորից Ադրբեջանի նկատմամբ հանդուրժող է դառնում, այնուամենայնիվ քննադատություններն Ադրբեջանը «կուլ չի տալիս». «Դրա համար է, որ Ադրբեջանը փորձում է ներքին պայքարի մեջ լինել Մինսկի խմբի հետ»,- ասում է մեր զրուցակիցը:

Նա նշում է, որ այժմ Մինսկի խումբը չի զբաղվում ԼՂ խնդրի կարգավորմամբ. «Ավելի շատ ստրատեգիկ, բավականին հզոր կառավարող, զսպող մի մեխանիզմ, կառույց է դարձել, գերտերություններ են այնտեղ: Նրանք ամեն կերպ փորձում են խաղաղությունը հաստատել, պահպանել տարածքում. դա է նրանց խնդիրը: Եթե նկատել եք, ավելի քիչ է խոսվում կարգավորման խնդիրների մասին, բանակցային հանդիպումների թեման արդեն միայն շփման գիծն է,- ասում է պարոն Սարգսյանը եւ նկատում, որ այս փոփոխությունը բերել են հենց ադրբեջանցիները:- Շփման գծում անընդհատ լարվածություն ստեղծելով՝ Ադրբեջանն ուներ միայն մեկ նպատակ, իրենք դա կոչում էին ռազմական դիվանագիտություն, կարծում էին այդպես հնարավոր կլինի ճնշումներ գործադրել Մինսկի խմբի վրա: Բայց իրականության մեջ ստեղծվեց այնպիսի իրավիճակ, որ պարզապես բանակցային թեման փոխվեց: Շփման գիծը դարձավ արդեն թեման, եւ Ադրբեջանը բավականին վատ դրության մեջ հայտնվեց. իրենք էլ չգիտեն՝ շարունակե՞ն այդ դիվանագիտությունը, թե՞ ոչ: Վերջին նախագահների հանդիպումից հետո Ադրբեջանը նորից սկսեց խոսել, որ թեման պետք է լինի կարգավորումը, պետք է վերադառնալ այս կամ այն փաստաթղթին, բայց արդեն իրենք էլ հասկացան, որ հնարավոր չէ այլեւս բանակցային սեղանին կարգավորման թեման դնել»:

Այժմ, ըստ Մանվել Սարգսյանի, Ադրբեջանն իրեն մեկուսացրել է, հայտնվել «անհասկանալի իրավիճակում. «Թուրքական կոնֆլիկտի հետ կապված իր դիրքորոշումն օդից կախված է մնացել. չգիտի՝ Թուրքիային պաշտպանի՞, թե՞ ոչ: Ամերիկայի հետ նորից կոնֆլիկտային վիճակում է: Այս իրավիճակում Մինսկի խմբի հետ կոնֆլիկտային հարաբերություններ ստեղծելն ընդամենը մեկուսացնելու է իրեն»:
Պարոն Սարգսյանը նշում է, որ շատ ավելի լավ կլիներ, որ այս պայմաններում մենք ինքներս մեր դիրքորոշումը ունենայինք. «Մենք մեր խնդիրներին պետք է նայենք: Հասարակ դիրքորոշում չկա՝ կապված այս վերջին բանաձեւերի հետ: Ոչ մի դիրքորոշում չկա: Եղել է մի դիրքորոշում, որ կոնֆլիկտը պետք է լուծել Մինսկի խմբում, եւ պետք է խուսափել այլ ամբիիոններում այդ խնդիրը շոշափելուց: Ադրբեջանը հակառակն է անում, նայում ենք Հայաստանին, չգիտենք՝ ինչ է անում: Չկա դիրքորոշում: Դա էլ է մեծ խնդիր»,- ասում է պարոն Սարգսյանը եւ նշում, որ անգամ «կարգավորում» բառեզրի հետ կապված մենք չունենք մեր հստակ դիրքորոշումը. «Կարգավորում» ասելով՝ յուրաքանչյուրը մի բան է հասկանում. Ադրբեջանի համար կարգավորումը մի բան է, Հայաստանի համար՝ այլ: Ադրբեջանը երբեք իր դիրքորոշումը չի փոխել, նա իր տարածքներն է ուզում. Հայաստանում ո՞նց են տարբեր ժամանակներում հասկացել՝ «կարգավորում» ասելով, դժվար է ասել: Ասում են՝ Մինսկի խմբի առաջարկը դրված է սեղանին ու վերջ՝ փայլուն հասկանալով, որ Ադրբեջանը այլ նպատակներ ունի այդ բանակցություններում եւ երբեւէ զիջումների չի գնա: Ո՞րն է մեր քաղաքականությունն այդ ժամանակ՝ պարզ չէ, հստակ չի ասվում: Մեկ-մեկ սիտուացիոն հայտարարություններ են անում. եթե Ադրբեջանը պատերազմ սկսի, ճանաչելու ենք Ղարաբաղը: Եթե չսկսվի, ի՞նչ ենք անելու»,- հարցնում է պարոն Սարգսյանը եւ նշում, որ քաղաքական, դիվանագիտական ամբիոններից այս հարցերի պատասխանները չեն հնչում: Մեր դիտարկմանը, թե վերջերս Հայաստանի արտգործնախարարը հորդորել էր չքննադատել դիվանագետներին, պարոն Սարգսյանը պատասխանում է. «Այդ մարդիկ պետք է կարողանան պարզ հարցերի պատասխան տալ, դե, թող մեր դիվանագիտական կորպուսը պատասխանի՝ «կարգավորում» ասելով ի՞նչ է հասկանում»:

ՀՌԻՓՍԻՄԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
05.02.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արծրունի Սահակյան says:

    Ամեն բան ճիշտ է ասված Ադրբջանի մասով, ու հենց տվյալ իրավիճակից ելնելով էլ պետք է Հայաստանի դիրքորոշման անորոշությունը դիվանագիտորեն արդարացված համարել: Շտապելու կարիք չկա, հարգելի Մանվել Սարգսյան, կարգավորման հայկական տեսակետը հայտնելու օրը դեռ կգա…

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29