Ախուրյանի գյուղապետը՝ Սամվել Ալեքսանյանի
շաքարավազի «կանտրաբանդայի բազմամիլիարդանոց մեխանիզմի» մասին
Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավար Արծրուն Իգիթյանին չի հետաքրքրում ոչ քաղաքականությունը, ոչ խորհրդարանը, ոչ ընդդիմադիր կամ իշխանական պատգամավորները՝ իրենց հայտարարություններով, անգամ եթե դրանք վերաբերում են Հայաստանի բյուջեին, բյուջեից հարկեր թաքցնելուն, ասել է թե՝ Հայաստանի քաղաքացու գրպանից գողանալուն: «Ես ընդամենը համայնքի ղեկավար եմ: Ինձ հետաքրքիր էլ չի, ինձ հետաքրքիր են միայն այն հարկերն ու տուրքերը, որոնք իրենք համայնքին վճարում են: Մինչեւ օրս ոչ մի խնդիր չեմ ունեցել, որ չվճարեն կամ ուշ վճարեն»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում ասաց նա: Խոսքը վերաբերում էր իր ղեկավարած համայնքում գտնվող շաքարի գործարանին, որի սեփականատերն է ԱԺ պատգամավոր, օլիգարխ Սամվել Ալեքսանյանը: Նախօրեին ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը մեղադրեց Սամվել Ալեքսանյանին հարկեր չվճարելու մեջ: «…Տարիներ ի վեր շարունակում են օդում կախված մնալ չստուգված լուրերը. ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի՝ Ախուրյանում հիմնած շաքարի գործարանը իրականում ոչ թե շաքարավազ է արտադրում, այլ կանտրաբանդայի բազմամիլիարդանոց մեխանիզմ է: Նա պատրաստի շաքարավազը ներկրում է, տանում գործարան՝ իբրեւ հումք, եւ այնտեղից հանում՝ իբրեւ արտադրանք՝ հարկերից խուսափելու համար…»,- ԱԺ ամբիոնից կառավարությանը հարց ուղղեց պատգամավորը: Համայնքապետից հետաքրքրվեցինք` տեղում նման խոսակցություններ կա՞ն: «Նման բան չեմ լսել: Ես պատկերացում չունեմ դրա մասին, դա մասնագիտական աշխատանք է»,- ասաց նա: Գործարանն այժմ չի աշխատում: Ընդհանրապես, հաճախ է պարապուրդի մատնվում: «Աշխատանքի ռեժիմը չգիտեմ: Ընդհատումներ լինում են, քանի որ գործարանի հզորությունը շատ մեծ է: Ինչքան ես եմ տեղյակ, սպառման խնդիր կա»,- ասաց նա:
«Գրեթե միշտ այսպես է, երբեմն 3-4 կամ 3-5 ամիս աշխատում ենք, մնացած ժամանակ հարկադիր հանգստի մեջ ենք: Աշխատելու ընթացքում մոտ 50 հազար տոննա շաքարավազ ենք արտադրում, սա էլ հազիվ կարողանան տարվա կտրվածքով սպառել»,- դեռ անցյալ տարվա օգոստոս ամսին մեր թղթակցի հետ զրույցում ասել էր գործարանի աշխատողներից մեկը: Նախկինում էլ բազմաթիվ բողոքներ են եղել, որ գործարանը հաճախակի է պարապուրդի մատնվում: Իսկ աշխատանքի ընթացքում մարդկանց մեկ ժամ ավելի են աշխատեցնում պայմանագրերում նշված ժամից եւ չեն վճարում: Գյուղապետն ասում է, որ իր մոտ «նման բողոքներ չեն եղել»: Տեղացիները Սամվել Ալեքսանյանի հետ բազմաթիվ վեճեր ունեցան շաքարի ճակնդեղի մատակարարման ծավալների եւ գնի շուրջ:
Ազատան համայնքի գյուղապետ Վարդան Իկիլիկյանը նույնիսկ բնական է համարում, որ գործարանը ժամանակ առ ժամանակ չի աշխատում. «Արտադրական հզորությունները մեծ են, իսկ արտադրանքը միայն տեղական շուկայում է սպառվում»: Նա նույնպես խուսափեց խոսել այն մասին, որ պատգամավորին պատկանող գործարանում մարդկանց շահագործում են: Միայն ասաց. «Հիմա իրա աշխատավարձից ո՞վ է գոհ: Մենք էլ գոհ չենք: Օրինակ՝ ես գոհ չեմ իմ աշխատավարձից: Համենայնդեպս, մարդիկ գոհ են նրանով, որ աշխատանք ունեն, զբաղվածության խնդիր կա, աշխատում են ու գոնե իրենց նվազագույն հարցերը փորձում են կարգավորել»: Բայց «օդից կախված» լուրերին, որ գործարանն իրականում արտադրանք չի տալիս, չի հավատում. «Էդ մեկը սուտ է, որովհետեւ առիթ ենք ունեցել տեսնելու, որ պահեստներից մեծ մեքենաներով շաքարավազ են բարձում-տանում: Դրսից ներկրված շաքարավազը հաստատ էդ որակին չէ: Գիտեմ, որ հաստատ արտադրվում է: Նույնիսկ մեր գյուղացիներից ասել են, որ հումք են ստացել, գնում են բեռնաթափելու: Եթե չի արտադրվում, էդքան աշխատողներին օրական ո՞ւր է տանում»: Դիտարկմանը` կարող է քեֆի են տանում, ասաց. «Չէ հա՜, իրենք հենց էնպես տեղը քեֆի համար փող ծախսողներ չեն»:
Գործարանի տնօրեն Էդուարդ Բաբայանը պատրաստ է սեփականատիրոջ համաձայնության դեպքում «պուսկի» ժամանակ հյուրընկալել լրագրողներին, անձամբ ուղեկցել՝ ցույց տալ, բացատրել, ծանոթացնել, ցույց տալ վճարված հոսանքի եւ գազի կտրոնները: Բայց դա՝ մարտի կեսերին, երբ արդեն գործարանը կսկսի աշխատել: Փետրվարի կեսերից, երբ պահեստներում շաքարավազը նվազում է, հումքը կստանան, կպահեստավորեն: «Եթե Հրազդան ՏԷՑ-ի կամ ատոմակայանի հոսանքն օգտագործենք, մեր շաքարավազը շատ թանկ ինքնարժեք կունենա: Դրա համար տուրբո-գեներատոր ունենք. ժամում 2-2,2 մեգավատտ հոսանք ենք ծախսում, ժամում 3800-4000 կուբամետր գազ ենք ծախսում, երբ գործարանը սկսում է աշխատել: Մոտավոր եթե այս թվերը բազմապատկենք, տեսեք՝ ի՜նչ թվեր են ստացվում: Ես չգիտեմ՝ ի՞նչ մարդ պիտի լինի, որ էսպիսի ծախսեր անի ու շաքար բերի… Անցած տարի, մոտավոր եմ հիշում, 42-52 հազար տոննա արտադրանք ենք տվել: Սեփականատիրոջ համաձայնությունը ստացեք՝ եկեք, կտեսնեք: Անմիջապես կերեւա, չէ՞, այդ գործարանն աշխատե՞լ է, թե՞ ոչ: Մարդիկ իրազեկ չեն, ամեն ինչ կարող են ասել: Բայց ասելով հո չի՞»:
Կարդացեք նաև
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
05.02.2016