Թեեւ Հայաստանի պետական ընդհանուր պարտքն արդեն 5 միլիարդ 71 միլիոն դոլար է, եւ պարտքի այս մեծությունը որոշ տնտեսագետներ գնահատում են վտանգավոր, որոշներն էլ՝ ոչ այնքան, սակայն պետք է նկատել, որ պարտքի բեռը, նոր վարկեր վերցնելով, խիստ մտահոգիչ է:
Նշենք, որ մեր պետական ընդհանուր պարտքը 2015 թվականի դեկտեմբերի 31-ին միայն նոյեմբերի համեմատությամբ աճել է 257 միլիոն դոլարով: Ընդհանուր 5,71 միլիարդ դոլար պարտքից առյուծի բաժինն ընկնում է արտաքին պարտքին՝ 4,3 միլիարդ դոլար, որից ՀՀ կառավարության պարտքը նախորդ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 3,8 միլիարդ դոլար, իսկ Կենտրոնական բանկի պարտքը՝ 476 միլիոն դոլար: Ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ ՀՀ ներքին պարտքն անցյալ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ 761 միլիոն դոլար է:
Նոր վարկեր վերցնելը, պարտքն ավելացնելը, կարելի է ասել, նորմալ է, բայց նորմալ, կարգին աճող ու զարգացող տնտեսության դեպքում: 2015-ից Հայաստանում նվազել են տրանսֆերտները, ներդրումները, ներմուծումն ու արտահանումը, հարկերը, արդյունաբերության մի շարք ճյուղերում, արդյունաբերությունում միայն հանքարդյունաբերությունն է աճել, այն էլ՝ պղնձի միջազգային գների անկման պարագայում ստիպված ավելի շատ են հանքահումք արդյունահանել, որպեսզի աճ ապահովեն: Այսպիսի տնտեսությունը հեռու է զարգացող տնտեսություն լինելուց, առավել եւս, եթե մեզ մոտ արհեստական մենաշնորհներ կան:
Տնտեսագետները կանխատեսում են, որ այս տարի բոլոր մակարդակներով բացասական երեւույթները շարունակվելու են:
Կարդացեք նաև
Մեր 5 միլիարդ 71 միլիոն դոլար պարտքն, ըստ Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանի, սարսափելի չէ, սարսափելին եւ մտահոգիչն այն է, թե ներգրավված վարկերն ինչպես են ծախսում:
«Առավոտի» հետ զրույցում պարոն Ասատրյանն ասաց, որ կարեւորը պարտքի ծավալի մեջ այն է, թե նոր վարկեր վերցնելիս դրանք որ բնագավառներին են ուղղվում, ինչ արդյունք են ապահովում, այստեղ որակական խնդիր կա: Պարոն Ասատրյանը որպես արդյունք չտվող վարկ նշեց ներկայումս Ազգային ժողովում քննարկվող Երեւան քաղաքի կայուն զարգացման ներդրումային Ծրագիր-2-ի համար 110 միլիոն դոլարի նոր վարկը: ԿԲ նախկին նախագահի կարծիքով՝ այս վարկից որեւէ էֆեկտ չի լինի, որը կնպաստի արտաքին պարտքի լիարժեք սպասարկմանը. «Մենք հասկանում ենք, որ պետությունն այստեղ պետք է անի ավելին, պարտքային գործոնը պետք է աշխույժ լինի այս իրավիճակներում: Բայց տեսեք. հայտնի պատճառներով երկիրը զրկված է ներդրումներից, տրանսֆերտներից, որոնք կարելի է ներդրումային հոսք համարել, քանի որ մի մասը տնտեսության մեջ շրջանառության էր գնում, ոչ թե սպառման, այս պարագայում, իհարկե, պետությունը պետք է արտաքին աշխարհից, մանավանդ, որ համարյա ոչ մեկը մեր երկրին չի վստահում, փորձեր միջոցներ բերել: Խնդիրն այն է, թե ինչ ուղղություններով պետք է ծախսվի վարկը: Երեւանը փողի վրա նստած քաղաք է, բայց, օրինակ, տարածքների հատկացման համար մի հատ բաց մրցույթ չի լինում, բոլորը կոռուպցիոն սխեմաներ են: Երեւանը հանրապետություն պահող պետք է լինի: Այս տարի մեր բյուջեում դրված են Երեւան քաղաքի լուսավորության համար զգալի միջոցներ, գիտությանը հատկացվող համադրելի թիվ է, ինչպե՞ս կարելի է»:
Բագրատ Ասատրյանը նկատեց, որ կառավարությունը պարտք պետք է վերցնի, բայց այն նպատակային պետք է լինի, ոչ թե անհասկանալի: Որպես վարկի անարդյունավետ ծախս՝ Ասատրյանը բերեց անցյալի դառը փորձը, երբ ճգնաժամային տարիներին կառավարությունը հսկայական վարկային միջոցներ ներգրավեց. «2009 թվականին հիշեք՝ ինչ եղավ. փորձեցին փողով լցնել՝ ճգնաժամը լռեցնել, բայց 14% անկում եղավ: Միջոցները բերել էին եւ չէին կարողանում երկար ժամանակ օգտագործել: Վերջում սկսեցին տնտեսվարողներին պարտադրել վերցնել, ինչի արդյունքում կենտրոնի կառուցապատողներց մեկը կործանվեց: Զանգեզուրի պղնձամոլիբդենայինին էլ ստիպեցին վերցնել, որին պետք չէր այդ վարկը, պետությունը այդտեղ բան չուներ անելու, կոմբինատը տեղով փողի վրա նստած է»:
Ըստ ԿԲ նախկին նախագահի՝ նման եղանակով աշխատելու դեպքում մենք բախվելու ենք լրջագույն խնդիրների՝ անկախ պարտքի մեծությունից:
ԵՊՏՀ տնտեսության կարգավորման եւ միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի դեկան Ատոմ Մարգարյանն էլ մեզ հետ զրույցում նկատեց, որ Հայաստանի պետական պարտքը 2015-ին մեծացավ 630 միլիոն դոլարով: Պարոն Մարգարյանն էլ օրինակ բերեց տարիներ առաջ ձեռք բերած հսկայական վարկը. «2009-ին, երբ 1,5 միլիարդ դոլար արտաքին փոխառություններ ներգրավեցին, ըստ էության, կառավարությունը թույլ տվեց քաղաքականության մեթոդաբանական սխալ, այն իմաստով, որ պետք էր խթանել ոչ թե խոշոր ընկերություններին, բանկային սեկտորին, այլ իրական հատվածին: Այն ժամանակ մի շարք բանկեր ստացան այդ ռեսուրսները՝ լիկվիդայնությունն ապահովելու՝ շինարարության ոլորտի համար վարկեր էին, իսկ արդյունքները համեստ էին»: Ներկայիս պարտքն, ըստ Մարգարյանի, համախառն ներքին արդյունքի՝ ՀՆԱ-ի մոտ 50%-ին է մոտենում եւ օրենքի սահմաններում է: Սակայն, ինչպես նկատեց տնտեսագետը, կա մի մտահոգիչ հանգամանք. ընդհանուր պարտքը՝ կառավարության եւ Կենտրոնական բանկի պարտքերը, գումարած մասնավոր սեկտորին պարտքը, արդեն մոտենում են ՀՆԱ-ին. «80-85%-ի սահմաններում է, սա լուրջ, մտահոգիչ երեւույթ է եւ կարող է խնդիրներ ստեղծել ոչ թե մակրոտնտեսական բնույթի, այլ իրական հատվածի համար: Պարտքի մասով տնտեսության վրա ճնշումները, բացասական ազդեցությունները կարող են խորանալ, եթե համապատասխան քայլեր չանեն տնտեսության իրական հատվածում զարգացումներ ապահովելու ուղղությամբ»:
Ատոմ Մարգարյանի նշած համապատասխան քայլերն էլ պետք է լինեն արտադրողականության ավելացմամբ, աշխատատեղեր ստեղծելով, ընդ որում՝ դրանք պետք է լինեն ինովացիոն տեխնոլոգիաներով. «Եթե կառուցվածքային, ինստիտուցիոնալ փոփոխություններ չանեն, կխորանան այն խնդիրները, որ հիմա կան: Հիմա հարկաբյուջետային հատվածում էլ գրեթե բոլոր հարկերի գծով թերակատարում կա»:
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
05.02.2016