Էկոնոմիկայի նախարարությունը ամեն տարի զբոսաշրջիկներին հաշվելիս ներառում է նաեւ մեր երկրից աշխատելու մեկնած «խոպանչիներին», որոնք մի քանի հարյուր հազար են, եւ նրանցով ապահովում ցուցանիշներ:
Թե զուտ զբոսաշրջության նպատակով որքան մարդ է այցելում Հայաստան, այդ թիվը երբեք էլ չենք իմանում, քանի որ ասենք՝ Ռուսաստանի Դաշնություն աշխատելու նպատակով մեկնած միգրանտը նույնպես համարվում է զբոսաշրջիկ, երբ ժամանակ առ ժամանակ վերադառնում է ընտանիք: Տարբեր առիթներով «Առավոտի» այս դիտարկմանը, թե՝ արտագնա աշխատանքի մեկնած եւ ժամանակավորապես տուն վերադարձած մեր հայրենակիցները ինչո՞ւ են համարվում զբոսաշրջիկ, մեր էկոնոմիկայի ոլորտի պատասխանատուները նշում էին, որ Համաշխարհային տուրիստական կազմակերպության սահմանման համաձայն՝ եթե մարդու կենսամիջավայրը գտնվում է այլ վայրում, որտեղ նա աշխատում է եւ ստանում է եկամուտ, եւ եթե նա փոխում է այդ վայրը եւ գալիս է մեկ այլ վայր եւ այդ վայրի վրա ունենում է որոշակի տնտեսական ազդեցություն, այսինքն՝ իր առօրյա ապրելամիջավայրում ստեղծած փողը ծախսում է ժամանման վայրում ու սահմանված ժամկետում լքում է իր ժամանման վայրը, ժամանման վայրում չի զբաղվում վճարովի աշխատանքով, ապա նա հանդիսանում է զբոսաշրջիկ:
Դե, քանի որ զբոսաշրջիկի սահմանումը միանգամայն համապատասխանում է արտագնա աշխատանքի մեկնած մեր միգրանտներին, էկոնոմիկայի նախարարությունն ամեն տարի նրանց էլ դասում է զբոսաշրջիկների թվին՝ այդկերպ ուռճացնելով մեր երկիր այցելածների ցուցանիշները: Հենց այդ պատճառով էլ անցյալ տարի զբոսաշրջիկների թիվը, մասնավորապես, Ռուսաստանից նվազել է: Այս մասին փետրվարի 3-ին փաստեց էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը՝ Հայաստանի անցյալ տարվա տնտեսական պատկերը ներկայացնելիս: Նախարարն ասաց, որ 2015 թվականին ներգնա զբոսաշրջությունը պակասել է, եւ նախորդ տարվա համեմատությամբ շուրջ 60 հազար զբոսաշրջիկ քիչ է այցելել մեր երկիր: Ըստ պարոն Ճշմարիտյանի՝ այցելությունները հիմնականում նվազել են Ռուսաստանի Դաշնությունից եւ Վրաստանից: Նախարարի տվյալներով՝ անցյալ տարի Հայաստան է այցելել 1 միլիոն 192 հազար 120 տուրիստ: Փաստորեն, այդ թիվը կարող էր շատ ավելի մեծ լինել, եթե մեր երկրի հազարավոր «խոպանչիներ», Ռուսաստանում ստեղծված տնտեսական վատ վիճակով պայմանավորված՝ չմնային տանը եւ մեկնած լինեին արտագնա աշխատանքի:
ՀՀ Միգրացիոն գործակալության տվյալներով՝ Հայաստանից ՌԴ մեկնողների եւ վերադարձողների 90%-ը ոչ թե զբոսաշրջիկներ են, այլ աշխատանքային միգրանտներ: Ինչպես հայտնի է, մեր երկրից հիմնական ելումուտը հենց Ռուսաստանն է:
Ստացվում է՝ որքան շատ «խոպանչի» ունենանք, այնքան շատ տուրիստ կունենանք: Կամ, ավելի ճիշտ, զբոսաշրջիկների ցուցանիշ:
ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ
05.02.2016