Ինչո՞ւ են մարդիկ այցելում խմբագրություն
Մարդիկ իրավապահ մարմինների դիմաց մեն-մենակ են: Նրանց չեն լսում հետաքննիչները, քննիչները, դատարաններում նրանց կողքին որեւէ տեսախցիկ չի շարժվում, նրանց հեգնում են արդարադատության մարմիններում: Մարդիկ խաբվում են անգամ իրենց փաստաբաններից, որոնք տարիներով հանձն են առնում զբաղվել նրանց գործերով, սակայն մատը մատին չեն խփում:
Եթե շատ են ծեծում իրավապաշտպան կառույցների դռները, նրանց գիժ են հանում, բողոքաբեր, դժգոհում են:
Մարդիկ գալիս են խմբագրություններ, որոնց դռները հաճախ քարե պարիսպների հետեւում են կամ ոստիկանն է հսկում, կամ պարզապես թույլ չեն տալիս հրապարակայնությունից օրնիբուն խոսացող լրատվամիջոցի շեմից ներս մտնել: Մարդիկ մնում են մեն-մենակ կորուստների եւ խիղճը չկորցրածների հետ:
45 տարվա մանկավարժական ստաժ ունեցող Մայա Սարիբեկովան (լուսանկարում) նրանցից մեկն է:
Մեկ ամիս է, ինչ նա դիմել է գլխավոր դատախազին: Նրա գործը գտնվում է ոստիկանության հետաքննիչի վարույթում:
Նրա նախկին ամուսինը, որը ներկայումս գտնվում է ծերանոցում, վերավաճառել է տիկին Մայայի բնակարանը, ողջ գույքով: Տիկինը գտնվել է Մոսկվայում, երբ վերադարձել է, տեսել, որ իր տան տերն այլ կին է: «Դիմել եմ ոստիկանության բաժին, գլխավոր դատախազին, որպեսզի վերականգնեն իմ ապրելու իրավունքը»,- ասում է նա:
Դաշնամուրի ուսուցչուհի Մայա Սարիբեկովայի հաղորդման հիման վրա, ոստիկանության Մաշտոցի բաժնում նախապատրաստված նյութերը հունվարի 8-ին ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտեի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին:
Ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննիչ, ոստիկանության ավագ լեյտենանտ Ա. Տեր-Պողոսյանը պարզել է, որ 2015 թ. հոկտեմբերի 3-ից դեկտեմբերի 29-ն ընկած ժամանակահատվածում Սուսաննա անունով մի կին կոտրել է Մայա Սարիբեկովայի դռան փականը, եւ ինչպես ոստիկանությունում նախապատրաստված նյութերում է արձանագրել ոստիկանը, «նրա տնից գաղտնի հափշտակել է օգտագործված հագուստը, սպասքեղենը», հնագույն գրքեր, պատճառելով՝ ըստ դիմումատուի, 15 միլիոն դրամի վնաս:
Տիկին Սուսաննան նույնպես կանչվել է ոստիկանության բաժին, ուր հայտնել է, թե նա այդ բնակարանը գնել է 2015 թվականի սեպտեմբերին՝ տանտիրոջից:
Ի դեպ, ըստ նրա, ոստիկանությունում տրված բացատրությանն էլ, ծերանոցում գտնվող տանտերը բնակարանը վաճառել էր տանը եղած ողջ գույքի հետ միասին: Գնորդն, ըստ տիկին Մայայի, տան վարձակալն էր:
Նա խնդրում է գնորդից, որպեսզի իրեն վերադարձնի նաեւ հանգուցյալ ծնողների նկարները, սակայն դրանք անգամ այլեւս չկան, ինչպես որ նոր տանտերն է ասել, չկան 200 տարվա հայ-ռուսական բառարանը, Կուզնեցովի, Լոմոնոսովի գործարանի արտադրության հնաոճ սպասքը:
Նշյալ տանը Մայա Սարիբեկովան ապրել է 1989 թվականից: Նրա անձնագրում դեռ այն հասցեն է, որտեղ գրանցված է, որը սակայն այլեւս իրեն չի պատկանում:
Մայա Սարիբեկովան հայտնի մաթեմատիկոս Արամ Սարիբեկյանի դուստրն է, պապը՝ Հակոբը, դրամատուրգ էր, ունեցել է սեփական հրատարակչությունը: Դաշնամուրի ուսուցչուհին իր աշխատավարձից մաս է տալիս քաղցկեղով հիվանդ երեխաներին:
«Հնարավորություն ստեղծեք Ժողովրդական Հայաստանում շնչելու, ոչ թե շնչահեղձ լինելու»
Արդարադատության նախարարությունից թոշակառու Վեներա Անտոնյանին հայտնել էին, թե նրա 5-րդ դիմումն արդեն մուտքագրվել է, եւ նա քննարկման գործընթացին կարող է հետեւել նախարարության պաշտոնական ինտերնետ կայքում: Կինը խնդրել էր միջամտել վճարելու իրեն չվճարված 6000 եվրոն համաձայն Եվրադատարանի պահանջների:
Վեներա Անտոնյանը չի կարող օգտվել ինտերնետային կայքից, նա ցանկանում է անձամբ ընդունելություն, բայց պաշտոնատար անձինք ժամանակ չունեն ընդունել կնոջը, նրանց ժամանակն այլեւս միջազգային տարատեսակ կազմակերպությունների ներկայացուցիչներինն է:
Խմբագրություն այցելած տիկին Վեներան ասում է, որ 2003թ. հունվարի 7-ին դիմել է Մարդու իրավունքների Եվրոպական դատարան:
Ըստ նրա, 2012 թ.Եվրադատարանից իրեն տեղեկացրել են, թե իր գանգատում առկա են խախտումներ:
Ըստ նրա, պետությունն իրեն պետք է վճարեր 6000 եվրո գումար: Տիկինը վիճարկել է իր ունեցվածքի նկատմամբ պետության անհարկի միջամտության հարցը: Տիկնոջ բնակարանում ապօրինի հաշվառված են մարդիկ, որոնց հաշվառումից հանելու վերաբերյալ մինչ օրս որեւէ գրավոր պատասխան չի ստացել պատկան մարմիններից:
Վ. Անտոնյանը «Առավոտին» տրամադրեց նաեւ վարչապետին ուղղված նամակը, որն ավարտվում էր այսպես. «Խնդրում եւ պահանջում եմ Ձեր կարգադրությունը, վճարել իմ չվճարված եվրոն, բնակարանի հաշվառումից հանել անձանց, հնարավորություն ստեղծել Ժողովրդական Հայաստանում շնչելու, ոչ թե շնչահեղձ լինելու»:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
05.02.2016