Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Արդեն լճանում ենք ֆեյսբուքյան տարածություններում՝ լայքելով ու քոմենթելով»

Փետրվար 06,2016 13:30

Գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը՝
ժամանակակից գրականությունն արժեվորելու մասին

Վերջին շրջանում հաճախ է շրջանառվում այն տեսակետը, թե ժամանակակից գրականությունը չի արժեվորվում քննադատների կողմից: Մինչդեռ իրականում դա այդքան էլ այդպես չէ: Մասնավորապես՝ օրերս հրատարակված գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանի «Խոսքի տարածություն» գիրքը գրեթե ամբողջովին անդրադարձ է հենց ժամանակակից գրականությանը՝ գրախոսությունների, տարեկան տեսությունների, գրական դիմանկարների միջոցով:

Ասվածի առիթով գրականագետն «Առավոտի» հետ զրույցում նշեց. «Չեմ ժխտի, ճշմարտության որոշակի հատիկ կա այդ տեսակետի մեջ, բայց դա խնդրին միակողմանի նայելու արդյունք է»: Մանրամասնելով էլ, իր ձեւակերպմամբ, հայտնեց հետեւյալը, թե քննադատությունն անդրադառնում է, գրում է, գրախոսում է, սակայն, ցավոք, դրա արդյունքում չի կայանում այսպես ասած՝ դիալոգ, քննադատի տեքստը չի շրջանառվում ինչպես հարկն է եւ նա բերում է թյուրընկալումների: Մասնագետը հավելեց նաեւ. «Մեկ-մեկ այն տպավորությունը կարելի է ստանալ, թե քննադատները չեն կարդում իրար, էլ չեմ ասում գրողների մասին, որ մեծ մասամբ՝ միայն այն հոդվածներն են կարդում, որոնք իրենց գրքերի մասին են: Բայց այլ խնդիրներ էլ կան, առավել խորքային՝ պայմանավորված վարձատրության, պրոֆեսիոնալիզմի գործոններով:

Arqemik_Nikogosyan_2

«Խոսքի ազատություն» գրքում ներառված են վերջին տասը տարիներին գրածս հոդվածների մեծ մասը: Հիմա, երբ հետադարձ հայացքով նայում եմ՝ տարեկան 5-6 հոդված եմ հրապարակել՝ նվիրված ժամանակակից գրականությանը: Ու ես մենակ չեմ եղել, բնականաբար, իմ գրականագետ ընկերները՝ Հայկ Համբարձումյանը, Հասմիկ Հակոբյանը, Արմեն Ավանեսյանը, Վահրամ Դանիելյանը, Սուրեն Աբրահամյանը, էլի ուրիշներ, նույնպես այս ընթացքում բազմաթիվ հոդվածներ են հրապարակել: Այսինքն՝ ընդհանրության մեջ քննադատությունը ձեւավորել է վերաբերմունք, տեսակետ մեր գրականության մասին, բայց գնացեք ստուգեք, տեսեք՝ այդ ո՞ր մի հոդվածի առիթով է լուրջ խոսակցություն սկսվել, բանավեճ ծավալվել, կամ որեւէ հարցում արեք՝ քանիսն են այդ հոդվածները կարդացել»,- հավաստիացնում է մեր զրուցակիցը:

Ռեպլիկին, թե՝ հպանցիկ ծանոթանալով գրքին, կարելի է մտածել, որ այն յուրօրինակ հաշվետվություն է, գրականագետն ասաց. «Այո, գիրքս հրատարակեցի, որովհետեւ ուզում էի հաշվետու լինել նախեւառաջ ինքս ինձ, քանի որ գրական, խմբագրական գործունեության թոհուբոհի մեջ ինձ թվում էր պարապուրդի եմ մատնվել որպես գրականագետ: Բայց հետո գիրքս ընթերցելուց, թող մեծամտություն չհնչի, հաճելիորեն զարմացա: Տասնյակ հեղինակներ, տասնյակ գրքեր, ամենատարբեր հարցեր ու ժանրեր են քննվել ու քննարկվել իմ կողմից այս տարիների ընթացքում: Ընդ որում՝ դրանցից շատերը բանավեճային լիցք ունեցող հոդվածներ են, որ կարող էին մեծ խոսակցության նյութ դառնալ: Ուզում եմ հուսալ, որ գիրքը այդ հոդվածների ասելիքը վերաշրջանառելու առիթ կտա, ինչ-որ խոսակցություններ կսկսվեն, գրական բանավեճեր կլինեն, թե չէ արդեն լճանում ենք ֆեյսբուքյան տարածություններում՝ լայքելով ու քոմենթելով: Խոսքի տարածությունում, ի տարբերություն ֆեյսբուքի, ամեն մի պատեհապաշտ չի կարող հայտնվել»:

Դիտարկմանը, թե ինչո՞ւ գրականագետը հաճախ չի անդրադառնում մեր դասականներին, Արքմենիկ Նիկողոսյանը պատասխանեց. «Միշտ խուսափել եմ դասականներին հաճախակի անդրադառնալուց, որովհետեւ կարծում եմ պետք է կարեւոր, կամ ինչ-որ նոր ասելիք ունենալ, թե չէ տարեկան տասնյակ դիսերտացիաներ են պաշտպանվում դասականների մասին, որ մի տող նորություն չեն պարունակում: Կարծում եմ՝ Չարենցին, Իսահակյանին իմ անդրադարձները ինչ-որ նոր բան պարունակում են, հակառակ դեպքում՝ չէի տպագրի»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
05.02.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29