Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Ջուլֆալակյան. «Ամեն տարի էլ լավ սկսում ենք ու լավ ավարտում»

Փետրվար 06,2016 12:30

Հայաստանի հունահռոմեական ըմբիշները այս տարի արդեն մասնակցել են միջազգային երկու մրցաշարի ու բավականին հաջող բացել մեդալների հաշվարկը:

«Առավոտը» ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանի հետ զրուցեց մրցաշարջան 2016-ի առաջին արդյունքների, առաջիկա ծրագրերի եւ օլիմպիական խաղերին մասնակցելու հեռանկարների մասին:

-Մեր հունահռոմեական ըմբիշները հունվար ամսին արդեն հասցրել են հանդես գալ երկու միջազգային մրցաշարերում: Գո՞հ եք մասնակցությունից:

-Ամեն տարի էլ մենք տարին լավ սկսում ենք ու լավ էլ ավարտում: Հույս ունեմ, որ 2016 թվականը բացառություն չի լինի:

Հավաքականի ուսումնամարզական հավաքն սկսել էինք Երեւանում, հունվարի 14-ից 28-ը, որի ավարտին ըմբիշները մեկնեցին Սոֆիա եւ Ստամբուլ: Բուլղարիայում նվաճեցինք 3 ոսկի, 2 արծաթ եւ 3 բրոնզ, իսկ Թուրքիայում՝ 1 ոսկի: Տղաների մասնակցությունից ընդհանուր առմամբ գոհ եմ:

-Իսկ մրցաշարերն ուժե՞ղ կազմեր էին հավաքել:

-Բուլղարիայի մրցաշարը ավանդաբար շատ ուժեղ կազմ էր ունենում եւ համարվում էր ուժեղագույններից մեկը, իսկ այս տարի համեմատական առումով միջին մակարդակ ուներ: Բայց դա ամենեւին էլ չի նսեմացնում մեր ըմբիշների հաղթանակները: Որոշ քաշային կարգերում, այնուամենայնիվ, կային աշխարհի չեմպիոններ ու մրցանակակիրներ: Մեզ համար կարեւոր էր, որպեսզի տղաները Եվրոպայի (Ռիգա, մարտի 10-13) առաջնությունից առաջ անցնեն մրցակցային փուլ եւ այդ մրցաշարերը նախապատրաստական կարեւոր շրջան էին նրանց համար:

Ստամբուլում, որտեղ ի տարբերություն Բուլղարիայի, այս անգամ ավելի ուժեղ թիմեր էին մասնակցում՝ յուրաքանչյուր քաշային կարգում կար 22-28 մարզիկ, հանդես եկավ Արսեն Ջուլֆալակյանը: Նա անցկացրած չորս գոտեմարտերում հաղթել է առանց մրցակիցներին միավոր տալու: Նայել եմ դրանց տեսագրությունները: Որակով գոտեմարտեր է արել: Դա կարեւոր էր նախամեկնարկային այս փուլում:

-Իսկ Արսենի մրցակիցների մասին ի՞նչ կասեք:

-Հաջորդաբար հաղթել է բելառուսին, վրացուն, զրղըզին, եզրափակչում կրկին Վրաստանի ներկայացուցչին: Բոլոր երկրներն էլ աշխարհում ուժեղագույնի ճանաչում ունեն, իսկ մրցակիցները աշխարհի ու Եվրոպայի մրցանակակիր տղաներ են եղել: Ինչ վերաբերում է Արամ Ջուլֆալակյանին, նրանց ուղեկցող մարզչի ասելով, նա տակտիկական սխալ էր թույլ տվել: Պարտվելով 2:4 հաշվով՝ Արամը գոտեմարտը վերադարձնելու հնարավորություն ունեցել է, բայց չի կարողացել:

– Այս տարի երեք վարկանիշային մրցաշար կա: Ե՞րբ են դրանք կայանալու եւ ի՞նչ ակնկալիքներ ունեք:

-Դրանք սկսվում են ապրիլի կեսերից եւ ավարտվելու են մայիսի 8-ին: Առաջինը լինելու է Սերբիայում, ապրիլի 13-18-ը, երկրորդը՝ Մոնղոլիայում, ապրիլի 20-22-ը, երրորդը՝ Թուրքիայում՝ մայիսի 6-8-ը: Հիմա ըմբիշները կրկին ուսումնամարզական հավաքներում են Երեւանում: Ընդորում, խնդրել եւ այս պահին մերոնց հետ համատեղ ուսումնամարզական հավաք են անցկացնում Բուլղարայի եւ Շվեյցարիայի հավաքականները:
Մենք այսօրվա դրությամբ երկու ուղեգիր ունենք եւ պայքարելու ենք եւս չորս վարկանիշի համար:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
05.02.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29