Վերջին ժամանակներս հոգեբանին դիմելու մշակույթը Հայաստանում ավելի ամրապնդվել է: Ժամանակին կարծրատիպ կար, թե նման մասնագետի դիմելը ինչ-որ տեղ ամոթ է, անգամ շատերը հոգեբանին եւ հոգեբույժին շփոթում էին՝ տեսնելով նույն հարթակում:
Որքանո՞վ է կարեւոր ճիշտ պահին հոգեբանին դիմելը, ինչպե՞ս կարելի է հասկանալ, որ մարդն ունի հոգեբանի կարիք:
Թեմայի վերաբերյալ զրուցեցինք «Փսիլայֆ» հոգեբանական աջակցման կենտրոնի ղեկավար՝ հոգեբան Լիլիթ Խաչատրյանի հետ: «Արդեն 11 տարի է, զբաղվում եմ պրակտիկ հոգեբանական գործունեությամբ, եւ եթե համեմատելու լինեմ սկզբնական տարիների հետ, իհարկե մեր օրերում հոգեբանին դիմելու մշակույթը արմատավորվել է, նույնիսկ այն աստիճան, որ ստիպված ես լինում օգտագործել ոչ աշխատանքնային օրերդ, որպեսզի հասցնես սպասարկել բոլոր այցելուներին: Մարդիկ սկսել են գիտակցել, որ կան խնդիրներ, որոնք սեփական ուժերով լուծել չեն կարող: Հենց այստեղ է, որ օգնության է հասնում հոգեբանը»,- նշեց Լիլիթ Խաչատրյանըը: Նաեւ հավելեց. «Հոգեբանը դա հոգեբույժն է» կարծրատիպը ցավոք դեռ կա, ինչը վախեցնող եւ անորոշ պատկերացում է առաջացնում հոգեբան մասնագետի նկատմամբ, մինչդեռ այդ երկու մասնագետները տարբեր ֆունկցիաներ են իրականացնում: Հոգեբանական աջակցության դեպքում հոգեբան մասնագետը եւ այցելուն կարծես կատարում են ճանապարհորդություն այցելուի ապրած ամբողջ ուղիով, փորձում են վեր հանել, վերլուծել եւ հասկանալ այն դեպքերը, իրադարձություններն ու հատկապես իրեն շրջապատող մարդկանց հետ ունեցած հարաբերությունները, որոնք առաջացրել են հոգեբանական խնդիրներ, տրավմաներ եւ հուզական բացասական ապրումներ: Անհատը հասկանում է իր իրական ես-ի սահմանները, իր ուժեղ կողմերը, գտնում է իր ռեսուրսները, որով շարունակում է ապրել բավարված լինելով իր կյանքից, սիրել եւ աշխատել: Հոգեբանը ընդամենը օգնում է անձին, որպեսզի կարողանա ինքնուրույն հասկանալ եւ լուծել իր սեփական խնդիրները եւ այն թյուր կարծիքը, որ հոգեբանը խորհուրդ է տալիս դա միանգամայն չի համապատսխանում մասնագիտական աշխատանքի բուն էությանը: Հոգեբանին ճիշտ ժամանակին դիմելը կարգավորում է անձի կյանքի որակը եւ իհարկե ազատագրում է հետագա հոգեբուժական եւ ինչու չէ նաեւ մարմնական բնույթի առողջական խնդիրներից: Երբ մարդու մոտ առկա են շարունակական տանջող մտքեր, համարժեք չեն հարաբերությունները շրջապատի հետ, այլեւս անհնար է դարձել աշխատելը, սիրելը եւ վայելելը, նշված դեպքերում նա ունի հոգեբանի կարիք»:
Հետաքրքրվեցինք, թե հիմնականում ո՞ր տարիքային խմբի մարդիկ են դիմում հոգեբանի եւ ի՞նչ հարցերով: Լիլիթ Խաչատրյանը նշեց, որ աշխատում են ինչպես 3-10 տարեկան երեխաների, այնպես էլ դեռահասների ու հասուն տարիքի մարդկանց հետ: 55-60 տարեկան այցելուները, նրա խոսքով, բավականին մեծ թիվ են կազմում, ու որպես կանոն 60-ից հետո ավելի քիչ են դիմում: Երեխաների դեպքում հիմնական խնդիրներն են՝ մանկական վախերը, ագրեսիաները, տարանջատման տագնապները, վարքային եւ հուզական խանգարումները: Կպչուն մտքերը, ներոզները, միայնակության զգացումն ու դեպրեսիաները բնորոշ են ինչպես փոքրերին, այնպես էլ հասուն տարիքի մարդկանց: Հոգեբանը փաստեց, որ այցելությունների քանակը կարող է տարբեր լինել՝ կապված է հոգեբանին դիմած անձի առանձնահատկություններից եւ ընդհանուր խնդրի բովանդակությունից, վերջացրած հոգեբանի նախընտրած մեթոդից եւ ուղղվածությունից: Ոմանք բավարարվում են 1-2 հանդիպումով, ոմանք մի քանի ամսով, կան մարդիկ էլ, որ հոգեբանի են այցելում տարիներով:
ԱՆԺԵԼԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ
05.02.2016
Ես ինքս կողմ եմ դիմել հոգեբանի աջակցությանը և կարծում եմ շատ-շատերը համակարծիք են Ձեզ հետ Անժելա ջան, պարզապես Հայսատանի պայմաններում մեկ ժամի համար վճարել 5000 և ավելի շատ գումար, ոչ բոլորին է հասու: Իսկ նյութը շատ լավ էր գրված, շնորհավորում եմ:
Շնորհակալ եմ Կարինե ջան :