Ջիվանու 170-ամյակին նվիրված միջոցառումների նախաձեռնող խումբն այսօր նիստ գումարեց, որի ընթացքում քննարկվեց հոբելյանական միջոցառումների ժամանակացույցը: «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի գործադիր տնօրեն Աշոտ Հակոբյանը լրագրողներին տեղեկացրեց, որ Ջիվանու հայրենի Կարծախ գյուղում ամռանը դռները կբացի աշուղի տուն-թանգարանը. «Աշխատանքներն ընթանում են: Հիմնադրամը Ջիվանու հայրական տունը ձեռք է բերել նրա հարազատներից մեկից: Զուգահեռ զբաղվել ենք թանգարանային աշխատանքով՝ ցուցանմուշների հավաքագրում, Ջիվանու ձեռագրերի եւ ստեղծագործությունների, անձնական եւ կենցաղային իրերի ձեռքբերում»:
Աշոտ Հակոբյանի փոխանցմամբ՝ Ջիվանու տուն-թանգարանն ամբողջական տեսքի բերելու համար մոտ 120.000 դոլար է պահանջվում. «Գումարի մի մասը հավաքվել է, ջավախքցիները եւ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները նվիրատվություններ են կատարել: Բայց, քանի որ դրանք բավարար չեն, առաջիկայում բարեգործական համերգ կկազմակերպենք, ինչպես նաեւ՝ ջավախքցի նկարիչ Վիկտոր Հովհաննիսյանի ցուցահանդեսը»:
Հակոբյանը հավելեց, որ Ջիվանու 170-ամյակին նվիրված միջոցառումների նախաձեռնող խմբի անդամները նամակով դիմելու են ՀՀ Կառավարությանը՝ ոչ թե խնդրելու պետական միջոցներ, այլ աջակցություն՝ հոբելյանական միջոցառումները համակարգելու:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ