«Ես համոզված եմ, որ կարող եմ անկաշկանդ լինել, քաղաքացու կողքին լինել»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանը:
Հիշեցնենք, այսօր իշխող հանրապետական կուսակցությունը խմբակցության նիստում որոշեց մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում առաջադրել Արման Թաթոյանին:
Լրագրողներից մեկի հարցը` ինչպե՞ս է ինքը պատրաստվում աշխատել իշխանության հետ, երբ հայտնի է, որ ՄԻՊ-ի զեկույցները հայտնվում են հենց իշխող քաղաքական ուժի քննադատության թիրախում, մնաց անպատասխան:
Նա խոստացավ լրագրողների հետ մանրամասն զրուցել`բոլոր հուզող հարցերի շուրջ այն ժամանակ, երբ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում թեկնածությունների քննարկում կլինի:
Կարդացեք նաև
Մեկ այլ հարցի`իրականությանը համապատասխանո՞ւմ են լուրերը, որ ինքը Վատիկանում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանի «կադրն» է, Արման Թաթոյանը պատասխանեց. «Ես պարոն Մինասյանին չեմ ճանաչում անձամբ և առիթ չի եղել, որ շփվեմ»:
Փոխնախարարի հավաստմամբ՝ իր թեկնածությունը առաջադրել է ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ