ԵԿՄ վարչությունում տեղի ունեցավ ընթացիկ տարվա անդրանիկ ընդլայնված նիստը: Նիստից առաջ եռասերունդ երկրապահները ծաղիկներ խոնարհեցին Երկրապահ կամավորականների միության հավերժ նախագահ, Սպարապետ Վազգեն Սարգսյանի կիսանդրուն: Սրբազան հոր օրհնությամբ մեկնարկեց նիստը:
2016 թվականը եռասերունդ Երկրապահի համար հայտարարված է Հայաստանի Հանրապետության եւ Արցախի անկախ պետության 25-ամյակների տարի: Ամբողջ տարվա ընթացքում սա է լինելու երկրապահական բոլոր միջոցառումների գլխավոր կարգախոսը: Երկրապահի ղեկավարի ներկայացրած այս առաջարկն ընդունվեց վարչության ընդլայնված նիստում: Նիստը գնահատեց նախորդ տարվա աշխատանքն ու հաստատեց Երկրապահի ղեկավարի 2016-17 թվականի աշխատանքային ծրագիրը, որ ուղենշային է եռասերունդ երկրապահական ընտանիքի ողջ գործունեության համար: Ընդլայնված նիստին ներկա էին նաեւ համագործակցող կառույցների ներկայացուցիչները՝ հայ առաքելական եկեղեցու սպասավորներ, պաշտպանության, կրթության, արտակարգ իրավիճակների, առողջապահության, արդարադատության, սփյուռքի, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունների, ոստիկանության, Փաստաբանների պալատի, կադաստրի մասնագետները, որոնց հետ Երկրապահ կամավորականների միության վարչության նախագահ Մանվել Գրիգորյանը համագործակցության հուշագրեր է ստորագրել:
Վարչության ընդլայնված նիստում անդրադարձ եղավ պատանի երկրապահների ուսուցման դասընթացների արդյունավետ կազմակերպման խնդրին:
Քննարկված կարեւորագույն հարցերից մեկն էլ Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա եւ պատանի երկրապահի երդման արարողության տոնական միջոցառումների կազմակերպումն էր:
Քննարկված հարցերի շուրջ ելույթներ ունեցան երկրապահական երեք սերունդների ներկայացուցիչներ:
Վարչության նիստի ավարտը եւս երկրապահական միջոցառումների ոգուն համապատասխան էր: Տեղի ունեցավ պարգեւատրման արարողություն. Պարգեւատրվողների շարքերում էին եռասերունդ Երկրապահի եւ հուշագրեր ստորագրած գործընկեր կառույցների ներկայացուցիչներ:
ԵԿՄ