Փետրվարի 4-ին Մոսկվայի արվեստի աշխատողների կենտրոնական տանը տեղի ունեցավ հայտնի հայ գրող, հասարակական և քաղաքական գործիչ, լրագրող և ճանապարհորդ Զորի Բալայանի 80-ամյակին նվիրված երեկո, որին մասնակցեցին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը, Հայաստանի հետ բարեկամության և համագործակցության ռուսաստանյան միության նախագահ Վիկտոր Կրիվապուսկովն ու ռուսաստանյան հասարակական, քաղաքական և մշակույթի կյանքի հայտնի գործիչներ ու Մոսկվայի հայ համայնքի անվանի ներկայացուցիչներ:
Երեկոն կազմակերպվել էր Հայաստանի հետ բարեկամության և համագործակցության ռուսաստանյան միությունը, Ռուսաստանի գրողների և լրագրողների միությունները, “Литературная газета” թերթի խմբագրությունն ու “Художественная литература” հրատարակչական տունը` ՌԴ-ում ՀՀ դեսպանության աջակցությամբ:
Երեկոյին բացման խոսքով հանդես եկավ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ով անդրադարձավ Զորի Բալայանի բազմաոլորտ գործունեությանն` ընդգծելով նրա բացառիկ դերակատարումը՝ որպես մշակույթի նվիրյալի և հասարակական գործչի ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս:
ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը, իր խոսքում շնորհավորելով ականավոր հայ գրողին, նշեց, որ Զորի Բալայանի հետ մոսկովյան հանդիպումը խիստ պահանջված և կարևոր է ռուսաստանյան մտավորականության և տեղի հայության համար: Դեսպան Եսայանն ընդգծեց, որ Զորի Բալայանն իր տեսակով և գործունեությամբ հայ ժողովրդի ազգային արժանապատվության և անսահման հայրենասիրության խորհրդանիշն է: «Զորի Բալայանը հայ-ռուսական բարեկամության սրբազան կրակի ամենահայտնի պահապաններից է, ինչի մասին վկայում է այն մեծ հարգանքն ու սերը, որը տածում է ռուսաստանյան լայն հասարակությունը հայ գրողի և իր ստեղծագործությունների հանդեպ», – նշեց ՌԴ-ում ՀՀ դեսպանը:
Կարդացեք նաև
Միջոցառումն ուղեկցվեց համերգային կատարումներով և կարճամետրաժ վավերագրական ֆիլմի ցուցադրությամբ: Երեկոյի շրջանակներում տեղի ունեցավ նաև Զորի Բալայանի ստեղծագործությունների հավաքածուի ութհատորյակի շնորհանդեսը:
ՀՀ ԱԳՆ