«Երբ մենք տարբեր երկրներում վերլուծություն ենք անում դատական սխալների պատճառների վերաբերյալ, տեսնում ենք, որ բոլոր երկրներում այդ պատճառների ցանկը նույնն է: Մենք ընդունում ենք, որ լինում են մարդկային սխալներ»,- այս մասին «Մեդիա կենտրոն»-ում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց Բրիսթոլի համալսարանի պրոֆեսոր, Մեծ Բրիտանիայի «Անմեղության ցանցի» հիմնադիր Մայքլ Նոթթոնը:
Ըստ նրա՝ յուրաքանչյուր երկրում իրենք տեսնում են ոստիկանության աշխատանքները, որոնք անօրինական են եղել. «Ոստիկանները կասկածյալներին ենթարկել են հոգեբանական եւ ֆիզիկական ճնշումների: Լինում են այնպիսի գործեր, որ դատախազները հաղթում են գործը, բայց դա լինում է ոչ թե ճշմարտության բացահայտման, այլ իրենց հեղինակության շնորհիվ: Վկաները ստում են, մարդիկ ստում են պատժելու կամ գումար ստանալու համար: Պատճառները կրկնվում են ամբողջ աշխարհում»:
Մայքլ Նոթթոնն ասաց, որ բոլոր երկրներում կոռուպցիայի եւ դատական սխալների մասին բարձրաձայնողների շարքում լրագրողները միշտ առաջին տեղերում են լինում. «Մեծ Բրիտանիայում բոլոր բարեփոխումներն իրականացվում էին այն հիմքով, որ լրագրողներն էին աջակցում եւ օգնում բացահայտել առկա սխալները: Մահապատիժը Բրիտանիայում այդպիսով վերացվեց, հիմնվեց նաեւ Վերաքննիչ դատարանը»:
Նա ցանկանում է Հայաստանում տեսնել մի անկախ մարմին, որը կզբաղվի դատական սխալների գործերով. «Հիմա մենք ԱՄՆ-ի հետ համատեղ հետազոտություն ենք անում, որ տեսնենք, թե ինչ է լինում, երբ անմեղ մարդը բանտ է նստում, իսկ իրական հանցագործը դրսում է: Առաջին 300 գործերը, որ մենք նայել ենք, 50%-ում բացահայտել ենք իրական հանցագործին: Երբ այդ հանցագործները դրսում էին, նրանք արդեն եւս 36 սպանություններ, 76 բռնաբարություն եւ 100-ից ավելի այլ հանցագործություններ էին կատարել»:
Կարդացեք նաև
Ասուլիսի մյուս բանախոս, դատական սխալի զոհ, իրավաբան Մայքլ Օբրայենը նշեց, որ եթե լրագրողները չօգնեին իրեն, նոր հանգամանքներ չէին բացահայտվի եւ ինքը չէր կարողանա այսօր լինել ազատության մեջ. «Ես շատ կուզենայի, որ Հայաստանում լրագրողներն աջակցեին անմեղության ծրագրին»:
Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ
Լուսանկարը՝ «Մեդիա» կենտրոնի