ՍԴՀԿ Հայաստանի վարչության ատենապետ Նարեկ Գալստյանն այսօր քննադատեց ՀՀ արտաքին գործերի նախարարի վարած քաղաքականությունը:
«Սահմանին այսօր կրկին զոհ ունենք, վերջին մեկուկես տարվա ընթացքում սահմանին իրավիճակը չափազանց լարված է, բայց չեմ հիշում որեւէ դեպք, երբ ԱԳ նախարարը արձագանքի այդ դեպքերին: Մենք տեսնում ենք, որ ամենածանր ժամանակներում, երբ Մատաղիսում, Տավուշի կամ այլ շրջաններում զոհեր ենք ունենում, ինքը օրինակ Ինդոնեզիայում է կամ երրորդ աշխարհի երկրներից մեկում: Ունենք փայլուն դիվանագետներ, բայց արտաքին քաղաքականություն համակարգային առումով, ունենք լրջագույն ձախողումներ»,- այսօր «Հայացք» ակումբում ասաց Նարեկ Գալստյանը:
Նա հիշեց, որ մեկ տարի առաջ էլ իրենց կուսակցության երիտասարդները պիկետ անցկացրին ԱԳ նախարարության դիմաց. «Ասում էինք՝ խնդրում ենք, պարոն Նալբանդյան խոսեք, սահմանին մեր զինվորներն են զոհվում, կանչեք ԵԱՀԿ Մինսկի համանախագահ երկրների դեսպաններին, նոտաներ տվեք, ինչ-որ բան արեք»:
Նա ՀՀ արտաքին քաղաքականության պարտություն համարեց ԵԽԽՎ-ում ընդունված ու չընդունված բանաձեւերի հայտնվելը. «Պարտությունը համակարգային արտաքին քաղաքականությանն էր: Աշխատում էին բոլորը, եւ մի բանաձեւի ընդունումը արդյունքում ձախողվեց, բայց այնպես չէ, որ մեր ԱԳՆ-ն պետք է հույսը դնի միայն մեր սփյուռքի համայնքների լոբբիստական աշխատանքի վրա: ԱԳ նախարարի պասիվ քաղաքականությունը բերեց նրան, ինչ ունենք այսօր»:
Կարդացեք նաև
Անդրադառնալով ներքին քաղաքական զարգացումներին՝ Նարեկ Գալստյանը նկատեց, որ ՀՅԴ-ՀՀԿ հնարավոր նոր կոալիցիան փոփոխություններ չի բերի. «ՀՅԴ-ի գործն է, բայց եթե երկրում չեն կատարվում համակարգային փոփոխություններ, կոսմետիկ դաշինքները չեն կարող հանգեցնել իրական բարեփոխումների, մեզ արմատական փոփոխություններ են պետք»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ