Շարունակվում է Վալերի Պերմյակովի գործով վկա Միխայիլ Խաչատրյանի հարցաքննությունը, որը Վալերի Պերմյակովի ձերբակալման ժամանակ զբաղեցրել է Բայանդուրի ուղեկալի հրամանատարի պաշտոնը: Այս նիստին նրան հարցեր ուղղեցին Ավետիսյանների շահերը պաշտպանող Միհրան Պողոսյանը, Երեմ Սարգսյանը եւ Արայիկ Զալյանը:
Միխայիլ Խաչատրյանն ուշագրավ մի քանի տեղեկություններ հաղորդեց՝ ի պատասխան Ավետիսյանների փաստաբան Երեմ Սարգսյանի հարցերի:
Երեմ Սարգսյանը նախ հետաքրքրվեց՝ դուք զինվո՞ր էիք փնտրում, թե՞ սահմանախախտի: Վկան ասաց, որ իրենք միշտ փնտրում են սահմանախախտի:
Փաստաբանը հարցրեց՝ ձեզ ինչպե՞ս են ներկայացրել, ինքը փնտրվո՞ւմ էր, թե՞ հետախուզվում: Երեմ Սարգսյանը միաժամանակ նշեց, թե հետախուզումը քրեաիրավական կարգավիճակ է: «Մենք ցուցում էինք ստացել, որ հետախուզվում է»,- ասաց վկան: Փաստաբանի հարցին՝ ինչի՞ համար էր հետախուզվում, վերջինս ասաց՝ փախուստի:
Կարդացեք նաև
Երեմ Սարգսյանը հետաքրքրվեց՝ այնուհետ ձեզ տեղեկություններ չե՞ն տրամադրվել տվյալ անձի այլ արարքի մասին: Միխայիլ Խաչատրյանն ասաց, որ այո, ասել են, որ կասկածվում է սպանության մեջ:
Թե ինչ է եղել Պերմյակովի հագին, վկան ասաց՝ սեւ բաճկոն, սպորտային տաբատ, սեւ կիսաճտքավոր կոշիկներ, սեւ գլխարկ: Հարցին՝ շալվարը ինչ-որ յուրահատկություն ունեցե՞լ է՝ գծեր, նախշեր, վկան ասաց՝ այո, ինչքան, որ հիշում եմ:
Երեմ Սարգսյանը հարցրեց՝ երբ որ հայտնաբերեցիք Պերմյակովին, չհարցրեցի՞ք ինչ ճանապարհով է հասել Բայանդուրի ուղեկալ: «Հարցրեցի, ասաց՝ չգիտեմ: Գյուղով քայլում էի՝ եկա»,- ասաց Խաչատրյանը:
Երեմ Սարգսյանի հաջորդ հարցին՝ չհարցրեցի՞ք ինչ ես արել, վկան ասաց՝ հարցրեցի, Պերմյակովն ասաց ոչինչ չեմ արել:
Փաստաբանը նաեւ հետաքրքրվեց, թե ինչ վիճակում էր Վալերի Պերմյակովը: Վկան ասաց, որ ոչ մի կասկածելի բան չի նկատել, վնասվածքներ էլ նրա վրա չկային:
Հարցրեցին՝ ալկոհոլ օգտագործա՞ծ էր: Վկան այս հարցին նույնպես պատասխանեց, որ չի նկատել:
Երեմ Սարգսյանը հարցրեց՝ ձերբակալելուց հետո կազմե՞լ եք ձերբակալման արձանագրություն: Վկան ասաց՝ այո, դա եղել է բլանկի վրա:
Իհարկե, դատարանում պարզվեց, որ արձանագրություն կազմողը բլանկում նշված այն կետին կամ պահանջին՝ ձերբակալության մասին տեղեկացնել Շիրակի դատախազին, չի արել:
Երեմ Սարգսյանը նաեւ հետաքրքրվեց՝ ձերբակալման ժամանակ Պերմյակովը որեւէ արտահայտություն արե՞ց, չասա՞ց ինչու եք ինձ ձերբակալում: Վկան պատասխանեց՝ ոչ:
Փաստաբանի հարցին, թե չհարցրի՞ք Պերմյակովին իր հետ այլ անձ եղե՞լ է, թե ոչ, վկան ասաց՝ ոչ:
Ավետիսյանների շահերը ներկայացնող Արայիկ Զալյանի հարցին, թե Պերմյակովին ձերբակալելուց հետո դուք անմիջապես տեղեկացրիք ձեր ղեկավարին, բայց հայկական կողմին չհայտնեցիք, եթե հայկական կողմի իրավապահները ավելի շուտ գային, դուք այդ դեպքում պարտավո՞ր էիք Պերմյակովին հանձնել հայկական կողմին, վկան ասաց՝ ոչ:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ