«2015թ-ին ընդլայնվեց ընտանեկան դրամագլուխը տնօրինելու հնարավորությունը: Մասնավորապես, այժմ ընտանեկան դրամագլխի միջոցները կօգտագործվեն նաեւ սահմանամերձ բնակավայրերում բնակարանի անշարժ գույք գնելու համար»,-այսօր «Անալիտիկ» ակումբում ասաց
ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության պետի առաջին տեղակալ Սմբատ Սաիյանն՝ անդրադառնալով 2015-2016 թթ. ՀՀ կառավարության ընդունած մի շարք որոշումներին, որոնցով փոփոխություններ են կատարվել երեխայի խնամքի համար նպաստի տրամադրման կարգերում:
Սմբատ Սաիյանի խոսքերով, որոշումներից մեկը վերաբերում է ընտանեկան դրամագլխի տնօրինմանը: Ըստ նրա, հունվարի 1-ից ընտանեկան դրամագլխի գումարը կարող է տնօրինվել նաեւ նոր ծնված երեխայի մեկ տարին լրանալուց հետո՝ ցանկացած բանկային հաշվի փոխանցելու միջոցով պարբերական վճարումներ կատարելով, բայց ոչ ավելի քան ամսական 25000 դրամը: «Սա նշանակում է, որ քաղաքացին հնարավորություն ունի իր ընտանեկան դրամագլխից ամսական 25 հազար դրամ ծախսել սեփական կարիքները հոգալու համար՝ իր իսկ ընտրած ուղղությամբ, իր նախընտրած նպատակներով»:
Ճշտող հարցին, թե վարկ մարելու նպատակո՞վ էլ ծնողները կարող են օգտագործել այդ գումարը, պարոն Սաիյանն ասաց` այո:
Կարդացեք նաև
Մանրամասները` տեսանյութում
Սմբատ Սաիյանի տեղեկացմամբ, հունվարի 1-ից դրամագլխից ամսական 25 հազար դրամ կարող են օգտագործել այն դեպքում, եթե երեխան ծնվել է մինչեւ 2014 թ-ի դեկտեմբերի 31-ը: 2015 թ-ին ծնված երեխայի դեպքում, ծնողները դրամագլուխը կարող են տնօրինել երեխայի 1 տարին լրանալու հաջորդ ամսից:
«Օրինակ՝ եթե երեխան ծնվել է 2015թ-ի փետրվարին, ապա դրամագլուխը տնօրինելու իրավունքը կծագի 2016թ-ի մարտի 1-ից»,-պարզաբանեց պարոն Սաիյանը:
Նրա տվյալներով, այս տարվա հունվարի 1-ից 6500 ընտանիք իրավունք կստանա տնօրինել ընտանեկան դրամագլուխը: Սակայն, ինչպես նշեց Սմբատ Սաիյանը, ընտանեկան դրամագլխի գումարը ցանկացած բանկային հաշվի փոխանցելու միջոցով տնօրինելու ժամկետը սահմանվում է մինչեւ 2016թ. դեկտեմբերի 31-ը. «Դրանից հետո հնարավոր չի լինելու տնօրինել դրամագլուխը: Սա ժամանակավոր դրույթ է»:
Մեկ այլ փոփոխությամբ էլ երեխայի ծննդյան միանվագ նպաստը եւ մայրության նպաստը վճարվելու է բացառապես անկանխիկ եղանակով: Երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի նշանակման եւ վճարման կարգում տեղի ունեցած փոփոխությունների համաձայն՝ այս տարվա հունվար ամսվա գումարը՝ 18 հազար դրամի վճարումը կուշանա եւ կփոխանցվի մինչեւ փետրվարի 10-ը:
Նշենք, որ որոշումներից մեկով էլ վերացվել է երեխայի ծննդյան միանվագ նպաստի եւ խնամքի նպաստը վճարելու համար անձամբ դիմելու պահանջը: Այսինքն՝ եթե նախկին օրենսդրությամբ շահառուն անձամբ պետք է ներկայացներ դիմում, այսուհետ դիմումը կարող է ներկայացվել ցանկացած անձի, այդ թվում՝ երրորդ անձի միջոցով:
Երեխայի գումարները տարբեր նպատակներով տնօրինելու կառավարության այդ որոշումը Սմբատ Սաիյանը բացատրեց երկրում ստեղծված սոցիալ-տնտեսական վիճակով:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ