Ֆլորա Մարտիրոսյանը երաժշտական ունակությունները ժառանգել էր մորից: Գյումրու`հայրենի երկրի զորությունը, փոխանցվել էր ապագա մեծ երգչուհուն: Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցն ավարտելուց հետո, Ֆլորա Մարտիրոսյանը տեղափոխվում է մայրաքաղաք, որտեղից էլ սկսվելու էր մեծ երգչուհու` բարդ ու դժվարին, բայց ազգանվեր ու հպարտության արժանի գործը:
Մեծ երգչուհին, արվեստագետն ու իր գործի նվիրյալը ապրեց` ապրեցնելու համար, ապրեց` հային հայ պահելու համար, ապրեց նվիրվելով, ապրեց հայրենիքից հեռու, բայց սրտում կրելով հայրենիքի ցավը, ապրեց մի ամբողջ կյանք, մտածելով`հայրենիքի լուսավոր ապագայի երազանքը հոգում պահած…
Ֆլորա Մարտիրոսյանի նվիրումը եղավ ոչ միայն իր մաքրամաքուր երաժշտությունը` հայ ժողովրդին և ամբողջ աշխարհին ներկայացնելը, այլև հայի` մեկդարյա արդարության պահանջը, իր երգով, իր արվեստով աղաղակելը: 2007 թ. նա հիմնում է «Artists for Pease» բարեգործական հիմնադրամը, որի կազմում ընդգրկվել են աշխարհահռչակ երգիչ երգչուհիներ, հոլիվուդյան գերաստղեր՝ իրենց ձայնը բարձրացնելու ընդդեմ ցեղասպանությունների, «Այլևս երբեք» կարգախոսով:
«Այլևս երբեք» կամ «Never Again» մշակութային շարժման նախաձեռնությունը` իր նպատակին հասցնելու երազանքը այդպես էլ Ֆլորա Մարտիրոսյանի, և ոչ միայն նրա, այլև ողջ համայն հայության համար մնաց երազանք: Մեծն երգչուհին կիսատ թողեց ամեն ինչ` կյանքը, արվեստն ու բոլոր երազանքները: 2012 թվականի նոյեմբերի 20-ին Լոս-Անջելեսում՝ լեղապարկի վիրահատությունից հետո առաջացած բարդությունների պատճառով, ընդհատվեց` Ֆլորա Մարտիրոսյանի կարճ,բայց բազմաբովանդակ, ազգանվեր ու խոնարհումի արժանի կյանքը:
Կարդացեք նաև
Հայկական երգարվեստի «Ծովաստղիկն» այսօր կդառնար 59 տարեկան:
Հայկ ՄԱԳՈՅԱՆ