Արամի 30 շենքը քանդել են «բուլդոզերով» եւ այն ամենայն հավանականությամբ հնարավոր չէ վերականգնել: «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ճարտարապետ Արսեն Կարապետյանն՝ անդրադառնալով երեկ ԱԺ-ում Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի հայտարարությանը, թե դիմել է «Հին Երևան» ծրագրի ճարտարապետ Լևոն Վարդանյանին` շենքը տվյալ ծրագրում ներառելու հարցով:
«Չեմ կարծում, որ որեւէ մեկը չափագրել է այդ շենքը եւ հետո ես չեմ հասկանում այդ քանդել-հավաքելու մոլուցքը: «Հին Երեւան» նախագիծն, առհասարակ, բուտաֆորիա է: Կարելի է քանդել ու տեղափոխել մի շենք, որը, ասենք, խանգարում է մի ինչ-որ կարեւոր միջպետական ճանապարհի կառուցմանը, բայց բոլոր շենքերը այդպես անել նորմալ չէ, դա արդեն այն հինը չէ»,- նշեց ճարտարապետը:
Քաղաքաշինության նախարարը նախօրեին ասել էր նաեւ, որ Արամի 30 շենքը չպետք է քանդվեր գիշերով եւ կարող էր դեռ կանգուն մնալ, մինչեւ նրա ճակատագրի որոշումը: Այս հայտարարությունը Արսեն Կարապետյանը որակեց պատասխանատվությունից խուսափում. «Բոլորն ուզում են, որ լավ լինի, բայց կարծես չի ստացվում, սա «Տարոն, սիրուն չի»-ի շարունակությունն է»:
Մանրամասն՝ կարդացեք այստեղ