«Ըստ էության, տարբերություն չկա»,- փետրվարի 5-ին «Անդրադարձ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով Հայ հեղափոխական դաշնակցության՝ կոալիցիա կազմելուն, ասաց Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Աղասի Ենոքյանը:
Ըստ նրա, դասական տարբերությունն այն է, որ երբ մի քաղաքական ուժը մյուս ուժի կարիքն ունի, որպեսզի մեծամասնություն կազմի խորհրդարանում. «Այսինքն՝ սա սովորաբար լինում է այն դեպքերում, երբ լինում է խորհրդարանական պետություն, գիտենք, որ մեզ մոտ դեռեւս մինչեւ հաջորդ տարի ամբողջովին խորհրդարանական չէ, եւ Հանրապետականն ունի հստակ մեծամասնություն: Սա է պատճառը, որ սրա անունը չեն դնում կոալիցիա: Դաշնակցությունը կգնա՞ դրան, թե՞ չէ, իհարկե՛ կգնա: Դաշնակցությունը ինչ էլ, որ ասի, ենթադրենք՝ ասում է, որ գնում է համագործակցության կամ կոալիցիայի հայրենիքը փրկելու համար, սա մի քիչ ռոմանտիկ մոտեցում է: Ասում են, որ անգամ վարկաբեկվելու գնով գնում են հայրենիքը փրկելու: Իրականությունը կարծես թե իշխանական կերակրատաշտի մոտ թույլատրվում է տեղ ունենալ, իրենք հաճույքով գնում եւ օգտվում են այդտեղից: Այստեղ Դաշնակցության մոտիվացիան ավելի քան պարզ է»:
Աղասի Ենոքյանը անդրադարձավ փորձագետների առաջ քաշած վարկածներին, թե Հանրապետականին ինչո՞ւ է պետք Դաշնակցության հետ համագործակցությունը.
- Հանրապետականը ցանկանում է պատասխանատվությունը կիսել. «Ես չգիտեմ, թե դա մեր երկրի պարագայում ինչ է նշանակում, որովհետեւ, այնուամենայնիվ, պատասխանատուն այսօր, գործադիրի ղեկավարն այսօր Հանրապետության նախագահն է, այնուամենայնիվ, պատասխանատվությունը ամբողջովին Հանրապետականի վրա է, այնպես որ պատասխանատվություն կիսելու տարբերակ չկա»:
- Սերժ Սարգսյանին պետք են սփյուռքի կառույցները. «Կարծում եմ՝ նույնպես թույլ վարկած է, որովհետեւ սփյուռքը կարծես թե միշտ էլ Հայաստանից տրվող հրահանգները կատարում է»:
- Սերժ Սարգսյանը ցանկանում է վարձահատույց լինել Դաշնակցությանը, քանի որ վերջինս փլուզեց քառյակի ձեւաչափը. «Ես կարծում եմ՝ սա մի քիչ սենտիմենտալ վարկած է, որովհետեւ Դաշնակցությունն արդեն արել է իր գործը, վարձահատույց լինելու կարիք չկա»:
Քաղաքագետը համարում է, որ ավելի լուրջ գործոն կա՝ այդպիսով Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանի «տակից հանում է» քիչ, թե շատ լուրջ քաղաքական պլատֆորմը, որով նա կկարողանա գնալ ընտրությունների. «Այսինքն՝ եթե Քոչարյանը ուզում է մասնակցել ընտրություններին, ստիպված է հույսը դնել 1-2 հոգանոց կուսակցությունների վրա, ինչը նույնպես իր համար խնդիր չէ, ես կարծում եմ նա կգնա դրան: Բայց ես կարծում եմ՝ Դաշնակցությունով գնալը շատ ավելի լուրջ կլիներ»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ